Մելբուրնի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները (RIMT) Կուրուշ Քալանթար-զադեի գլխավորությամբ էլեկտրոնային սմարթ-դեղահաբ են ստեղծել, որը կարող է շատ օգտակար տեղեկություններ տալ ստամոքսի առողջության մասին:
Դեղահաբը կարող է վերլուծել աղիքային գազերը, որոնց բաղադրությունը փոփոխվում է որոշ հիվանդությունների զարգացման դեպքում, օրինակ` հաստ աղիքի քաղցկեղի, աղիքների բորբոքման համախտանիշի կամ Կրոնի հիվանդության: Վերլուծության արդյունքները դեղահաբը փոխանցում է սմարթֆոնին, որի վրա անհրաժեշտ է հատուկ հավելված տեղադրել:
Հեղինակները դեղահաբն արդեն փորձարկել են խոզերի վրա` ուսումնասիրելով ցանցենու բարձր եւ ցածր պարունակությամբ սննդակարգի ազդեցությունը աղիքային գազերի վրա: Փորձարկման համար նրանք հենց խոզերի էին ընտրել, որովհետեւ նրանց մարսողական համակարգը շատ առումներով նման է մարդկայինին: Պարզվել է, որ ցանցենու քիչ օգտագործումը փոքր աղիքում 4 անգամ մեծացնում է թթվածնի արտադրությունը ցանցենու բարձր պարունակությամբ սննդակարգի համեմատ:
Գիտնականները ենթադրում են, որ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա նաեւ հասկանալ, թե սննդակարգն ինչպես է ազդում գազարտադրության գործընթացի եւ աղեստամոքսային տրակտի այս կամ այն հատվածում միկրոօրգանիզմների ակտիվության վրա:






