Հայտնի ցավազրկող միջոցը կարող է հակաուռուցքային հատկություններ ունենալ, տեղեկացնում են The Anticancer Fund կազմակերպության գիտնականները: Խոսքը դիկլոֆենակի մասին է` նեստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցի, որը սովորաբար օգտագործվում է միգրենների, նեւրալգիայի եւ հոդերի բորբոքային հիվանդությունների դեպքում:
Փեն Պանցիարկայի ղեկավարած հետազոտության հեղինակները վերլուծել են մի շարք հետազոտությունների արդյունքներ (սկսած 1983 թվականից), որոնցում ուսումնասիրվում էին դիկլոֆենակի հակաուռուցքային հատկությունները, մասնավորապես` դրա ազդեցությունը ֆիբրոսարկոմայի, կոլոռեկտալ քաղցկեղի, նեյրոբլաստոմայի, ձվարանների եւ մի շարք այլ օրգանների քաղցկեղի վրա:
Պարզվել է, որ ուռուցքի հեռացման վիրահատությունից առաջ դիկլոֆենակի ընդունումն էականորեն նվազեցրել է մետաստազների զարգացման ռիսկը, ինչպես նաեւ ուռուցքային հիվանդների մահացության մակարդակը:
Ներկայումս դիկլոֆենակի հակաուռուցքային հատկությունների ուսումնասիրման նպատակով չորս կլինիկական հետազոտություն դեռ ընթացքի մեջ է: Դրանցից երեքում դեղամիջոցն օգտագործվում է համադրված թերապիայի կազմում:






