Ֆրանսիայում դեղամիջոցի փորձարկումից տուժած կամավորը, որի մոտ ավելի վաղ ուղեղի մահ էին արձանագրել, հունվարի 17-ին մահացել է։ Բժիշկների տեղեկություններով՝ եւս 5 տուժածի վիճակը կայուն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AFP գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արեւմուտքում մասնավոր բժշկական լաբորատորիաներից մեկում դեղամիջոցի կլինիկական փորձարկմանը մասնակցող կամավորներից 6-ը տուժել էին։ Մարիխուանայի հիմքով պատրաստված ցավազրկող միջոցը տարբեր չափաքանակով ընդունել էր 90 կամավոր։ Տուժածներից 5-ը եւ մեկ զոհը 28-49 տարեկան տղամարդիկ են։ Նրանց բոլորի մոտ լուրջ նյարդաբանական շեղումներ են հայտնաբերվել, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության։
Փորձնական դեղամիջոցի անունը չի հրապարակվում։ Փորձարկումները դադարեցվել են։ Տարվում է հետաքննություն։






