Ֆրանսիայի արեւմուտքում մասնավոր բժշկական լաբորատորիաներից մեկում դեղամիջոցի կլինիկական փորձարկմանը մասնակցող կամավորներից 6-ը տուժել է: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը:
AFP-ի տվյալներով, կլինիկական փորձի արդյունքում բժիշկները կամավորներից մեկի մոտ ուղեղի մահ են արձանագրել, եւս 5 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են: Բոլորին տեղափոխել են Ռենն քաղաքի համալսարանական հիվանդանոց:
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ միջադեպը տեղի է ունեցել առողջ կամավորների մասնակցությամբ կլինիկական փորձարկման առաջին փուլի ընթացքում, որի նպատակն էր «գնահատել այդ դեղամիջոցի օգտագործման անվտանգությունը»:
Գործին ծանոթ աղբյուրը գործակալությանն ասել է, որ խոսքը կանեփի հիմքով ցավազրկող դեղամիջոցի մասին է: Փորձն անցկացվել է առողջապահության նախարարության կողմից լիզենցավորված մասնավոր լաբորատորիայում: Նախարար Մարիսոլ Տուրենը, սակայն, հերքել է նշված վարկածը: Նրա խոսքով, փորձնական դեղամիջոցը ո՛չ մաքուր տեսքով կանեփ, ո՛չ էլ կանեփի խառնուրդ չի պարունակել:






