Տղամարդկանց արյան մեջ միզաթթվի բարձր կենտրոնացումը կարող է նրանց պաշտպանել Փարքինսոնի հիվանդության առաջացումից: Այդ մասին տեղեկացնում է գիտական Neurology ամսագրում հայտնաբերված հետազոտությունը:
Պարզելու համար, թե ինչն է ազդում Փարքինսոնի հիվանդության զարգացման վրա, գիտնականները՝ Սիանգ Հաոյի ղեկավարությամբ, վերլուծել են 1267 հիվանդի մասին տվյալները, որոնք հետազոտության սկզբում Փարքինսոնի հիվանդություն չունեին: Հայտնի է, որ տղամարդիկ այս հիվանդությամբ երկու անգամ շատ են տառապում, քան կանայք, իսկ հիվանդության դրսեւորման միջին տարիքը 60-ն է:
Հետազոտության ընթացքում հեղինակները կանոնավոր կերպով չափել են կամավորների արյան մեջ միզաթթվի մակարդակը: Նրանց ուշադրությունն է գրավել այն փաստը, որ հիվանդությունը առավել հաճախ զարգանում էր այն տղամարդկանց մոտ, որոնց արյան մեջ միզաթթվի պարունակությունը ցածր էր: Իսկ նրանց մոտ, ում արյան մեջ այդ մակարդակը բարձր էր, Փարքինսոնի հիվանդություն ավելի հազվադեպ էր զարգանում: Հետաքրքիր է, որ կանանց մոտ հիվանդության զարգացման հավանականության եւ արյան մեջ միզաթթվի կենտրոնացման միջեւ կապ հայտնաբերել չի հաջողվել:
Հեղինակներն առայժմ չեն կարող պնդել, թե միզաթթուն ինչ-որ կերպ պաշտպանում է Փարքինսոնի հիվանդության առաջացումից, սակայն կարելի է ենթադրել, որ արյան մեջ այդ միացության կենտրոնացումը կառավարելով` հնարավոր է դանդաղեցնել հիվանդության առաջընթացը: Իմիջիայլոց, հետազոտողները զգուշացնում են, որ միզաթթվի ավելցուկը կարող է հանգեցնել առողջական այլ խնդիրների զարգացման, օրինակ` երիկամներում քարի եւ հոդատապի:






