Cancer Research UK-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները, Պոլ Ֆարոհի գլխավորությամբ, նոր գեն են հայտնաբերել, որը կապում են ձվարանների քաղցկեղի բարձր ռիսկի հետ: Ձվարանների քաղցկեղ զարգանում է 1000 կնոջից 18-ի մոտ, սակայն գենոմում առկա BRIP1 գենի մուտացիաները երեք անգամ մեծացնում են քաղցկեղի այդ տեսակի ի հայտ գալու հավանականությունը, տեղեկացնում են գիտնականները:
Նման եզրակացության հանգելու համար հեղինակները վերլուծել են Եվրոպայի ավելի քան 8000 բնակչուհու գեները, նրանցից 3250-ի մոտ ձվարանների քաղցկեղ է հայտնաբերվել, 3400-ը առողջ էին, իսկ 2000 կնոջ մոտ ձվարանների քաղցկեղի դեպքեր են արձանագրվել ազգականուհիներից որեւէ մեկի մոտ: Նրանք նկատել են, որ BRIP1 գենի մուտացիան ԴՆԹ-ի վերականգնման գործընթացի խախտման է հանգեցնում: Նման մուտացիայի կրողների մոտ ավելի հաճախ են ախտորոշել քաղցկեղի ագրեսիվ տեսակ, այն հաճախ հայտնաբերել են առաջացած տարիքի կանանց մոտ` վերջին փուլերում:
Գիտնականների կարծիքով, այդ մուտացիայի հայտնաբերման թեստի մշակումը կօգնի կանխատեսել հիվանդության զարգացման ռիսկը եւ ժամանակին ախտորոշում տալ: Ձվարանների քաղցկեղի հիմնական խնդիրն այն է, որ այն հաճախ հայտնաբերում են ուշ փուլերում, ինչը էականորեն բարդացնում է բուժման գործընթացը եւ նվազեցնում նրա արդյունավետությունը:
Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Journal of the National Cancer Institute-ը:






