Բրադիկարդիան (առիթմիայի տարատեսակ, որի դեպքում սրտի կծկումների հաճախությունը րոպեում 60 հարվածից պակաս է) չի ավելացնում սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը, եթե հիվանդն այլ ախտանիշներ կամ ռիսկի գործոններ չունի: Այդ մասին տեղեկացնում են Wake Forest Baptist Hospital-ի գիտնականները:

Բժիշկ Աջայ Դարոդն ու իր գործընկերները վերլուծել են 6733 մարդու մասին տվյալներ, որոնք հավաքվել էին 2000-ից 2002-ի ընթացքում: Հետազոտության մասնակիցներին հետեւել են տասը տարվա ընթացքում: Հետազոտության սկզբում նրանք բոլորը 45-ից 84 տարեկան էին եւ նրանցից ոչ մեկը չէր տառապում որեւէ սիրտ-անոթային հիվանդությամբ: 

Հեղինակները պարզել են, որ բրադիկարդիայով տառապող մարդկանց մոտ, որոնց սրտային կծկումների հաճախությունը չէր գերազանցում  րոպեում 50 հարվածը (ինչը րոպեում 10-50 հարվածով պակաս է նորմայից), սրտի հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը չի մեծացել: Այս խմբում մահացության մակարդակը ճիշտ այնպիսին էր, որպիսին այն մարդկանց մոտ, որոնց սրտի խփոցները նորմայի սահմաններում էին:  

Ավելին, հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ բրադիկարդիա ունեցող 902 մասնակիցների մեջ, որոնք սրտի ռիթմի նորմալացման դեղամիջոցներ են ընդունել, սիրտ-անոթային հիվանդությունների ի հայտ գալու հավանականությունը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին նրանց մոտ էր, որոնք նման դեղեր չէին ընդունել:  Գիտնականները նաեւ նկատել են, որ նման հիվանդների մահացության հավանականությունն ավելի բարձր էր, քան դեղեր չօգտագործած հիվանդներինը: 

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է JAMA Internal Medicine-ը: