Դյուկի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները նոր թեստ են մշակել, որի օգնությամբ հնարավոր կլինի հասկանալ, թե ճշգրիտ ինչ միկրոօրգանիզմներ (հարուցիչներ, մանրէներ կամ սնկեր) են դարձել այս կամ այն շնչառական հիվանդության պատճառը: Այդ տեղեկությունը բժիշկներին կօգնի հասկանալ` պետք է հիվանդին հակաբիոտիկներ նշանակել:
Էֆրաիմ Զալիկի ղեկավարությամբ գիտնականների մշակած արյան անալիզը հիմնված է հիվանդի գեների արտահայտվածության պրոֆիլի ուսումնասիրության վրա: Գեների ակտիվությունը փոփոխվում է` կախված նրանից, թե արդյոք օրգանիզմը պայքարում է հարուցիչի կամ մանրէների առաջ բերած վարակի դեմ:
Շնչառական հիվանդությունները շատ տարածված են ամբողջ աշխարհում, եւ խնդիրն այն է, որ հիվանդների համարյա 75 տոկոսին հակաբիոտիկներ են նշանակում` այն դեպքում, երբ նրանց մեծամասնությունը հարուցիչային վարակ ունի, ոչ թե մանրէածին: Դա հանգեցնում է հակաբիոտիկների սխալ, չարդարացված օգտագործման, ինչը բարձրացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության ռիսկերը:
Նոր թեստն արդեն փորձարկվել է ավելի քան 300 հիվանդի վրա, որոնք տառապում էին գրիպի հարուցիչների, ռինոհարուցիչների, ստրեպտոկոկների եւ այլ միկրոօրգանիզմների առաջացրած հիվանդություններից: Հեղինակներին հաջողվել է ճշգրտորեն (87 տոկոս) ի հայտ բերել այս կամ այն հիվանդության պատճառները:
Այս բարձր ճշգրտությամբ թեստի օգտագործումը կօգնի խուսափել հակաբիոտիկների չարդարացված նշանակումից, ինչը հատկապես կարեւոր է մանրէածին շտամմների տարածման համար, որոնք կայուն են այդ դեղամիջոցների հանդեպ:
Հետազոտողները նախատեսում են շարունակել իրենց թեստի կատարելագործումը եւ այնպիսի թեստ ստեղծել, որը կօգնի ընդամենը մեկ ժամվա ընթացքում պարզել շնչառական հիվանդության պատճառը: Առայժմ անալիզի անցկացման համար մոտ 10 ժամ է անհրաժեշտ:






