Գրիպով եւ սուր շնչառական վարակով (ՍՇՎ) հիվանդ շատ մարդկանց մոտ ախորժակը նվազում է, եւ օրվա ընթացքում նրանք գրեթե ոչինչ չեն ուզում ուտել: Պե՞տք է նրանց ստիպել, որ ուտեն, թե՞ ավելի լավ է, որ մի քիչ սոված մնան:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է էնդոկրինոլոգ եւ դիետոլոգ Հասմիկ Աբովյանը, գրիպով հիվանդացած մարդկանց շատ ազգականներ փորձում են կերակրել նրանց` ասելով, թե սնունդը նրանց կօգնի ավելի արագ առողջանալ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Գրիպի դեպքում մարդուն ուտել ստիպելը, մասնագետի խոսքով, խորհուրդ չի տրվում:
Հարցն այն է, որ օրգանիզմը շատ էներգիա է ծախսում սննդի յուրացման վրա: Իսկ գրիպի եւ ՍՇՎ-ի պարագայում, հատկապես եթե հիվանդը չի ցանկանում ուտել, ավելի լավ է, որ այդ էներգիան պահպանի վարակի դեմ պայքարելու, ոչ թե սնունդը մարսելու համար:
Բայց եթե գրիպով հիվանդը քաղցած է եւ ուզում է ուտել, չարժե, որ հրաժարվի սննդից: Միաժամանակ ցանկալի է նախապատվությունը տալ թարմ մրգերին եւ բանջարեղենին, եփված ձկանը, ընկույզին, իսկ ծանր, յուղալի եւ քաղցր սնունդ ցանկալի է ավելի քիչ օգտագործել:
Գրիպի եւ ՍՇՎ-ի դեպքում խորհուրդ է տրվում նաեւ շատ ջուր խմել: Եթե օրական սովորաբար ընդամենը 2-3 բաժակ ջուր եք խմում, ցանկալի է, որ սկսեք 2-3 անգամ ավելի շատ խմել: Եթե դիաբետ չունեք, կարելի է նաեւ հյութեր խմել:
Հիշեցնենք, որ եթե գրիպի ախտանիշներ ունեք եւ ջերմաստիճանը 2 օրից ավելի երկար է պահպանվում, ցանկալի է բժշկի դիմել հնարավոր բարդացումներից խուսափելու համար:






