Շրջակա միջավայրում հայտնաբերված թունանյութի խրոնիկական ազդեցությունը կարող է մեծացնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկը: Ոչ կառավարական հետազոտական կազմակերպություն հանդիսացող Ժողովրդական բժշկության ինստիտուտի եւ Մայամիի համալսարանի իրականացրած փորձարկման արդյունքները հրապարակվել են «Proceedings of the Royal Society» ամսագրում:
Բնական վտանգավոր BMAA (β-Methylamino-L-alanine) տոքսինը հայտնաբերվել է ամերիկյան Գուամ կղզու հողում եւ լճային ջրում, ինչպես նաեւ Անգլիայի, Շոտլանդիայի եւ Ուելսի քաղցրահամ ջրերում: Այդ տոքսինը ջրիմուռների որոշակի տեսակ է արտադրում: Այդ ջրիմուռների միջոցով թունանյութն ընկնում է ձկների եւ ծովային այլ արարածների օրգանիզմ, որոնք հաճախ շատ մարդկանց ավանդական սնունդն են դառնում:
Պարզելու համար, թե տոքսինն ինչպես է ազդում մարդու ուղեղի վրա, գիտնականները կենդանիների վրա մի շարք հետազոտություններ են կատարել: Գիտնականները ենթադրել են, թե մի քանի վնասակար ջրիմուռներում առկա BMAA թունանյութի եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների միջեւ կապ կա. թունանյութն ամիլոիդ սպիտակուցի նստվածքներ է առաջացնում: Ինչպես փորձարկումների ընթացքում պարզել են գիտնականները, հենց դա է ազդում շատ հիվանդությունների, այդ թվում նաեւ` Ալցհայմերի հիվանդության վրա:
Ինչպես գրում է Daily Mail-ը, շարժական նեյրոնի հիվանդության ցուցանիշները մինչեւ 25 անգամ ավելի բարձր են այն մարդկանց մոտ, որոնք ապրում են թունանյութի կողմից խստորեն աղտոտված շրջաններում: Ազդեցության մեխանիզմն այստեղ այսպիսին է. որոշ մարդկանց մոտ թունանյութը ոչ թե դուրս է հանվում մարմնից, այլ կուտակվում է: Եվ գեները կարեւոր դեր են խաղում: Գեներն ասես ատրճանակ լինեն, իսկ թունանյութը` ձգան:






