Դեռ մի քանի տասնամյակ առաջ փորկապության խնդիրն առանձնապես արդիական չէր, իսկ այսօր այդ խնդրին շատերն են բախվում բոլոր երկրներում՝ այդ թվում Հայաստանում: Ինչպես հավաաստիացնում է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը, հաճախ փորկապությունների պատճառ են դառնում մեր կենսակերպն ու մեր սովորությունները:

Ի՞նչ սխալներ ենք մենք անում մեր ամենօրյա կյանքում, ու ինչպե՞ս են դրանք կապակցված փորկապության հետ: Այդ ամենի մասին մասնագետը պատմել է NEWS.am Medicine թղթակցին տված հարցազրույցում:

1. Սննդակարգ

Սխալ սննդակարգը փորկապությունների գլխավոր պատճառներից մեկն է, հավաստիացնում է գաստրոէնտերոլոգը: Ժամանակակից մարդը չափից շատ ռաֆինացված եւ վերամշակված սնունդ է ուտում եւ նրա սննդակարգում շատ քիչ է բանջարեղենը, որը հարուստ է բջջանյութով ու մարսողության համար անհրաժեշտ այլ օգտակար նյութերով: Ավելին, մարդկանց մեծ մասը նախապատվությունը տալիս է սպիտակ հացին, որի մեջ չկա թեփ, որը հարուստ է բջջանյութով ու վիտամիններով: Նման սնունդը կարող է բացասաբար ազդել մարսողության վրա ու փորկապության պատճառ դառնալ:

Ինչպես նշեց մասնագետը, շատերին հաջողվում է փորկապության խնդիրը հաղթահարել՝ պարզապես իրենց սննդակարգում հավելելով թեփ կամ սպիտակ հացը փոխարինելով ամբողջական հատիկներից պատրաստվածով:

2. Ջուր

Նորմալ մարսողության համար օրգանիզմին պետք է հեղուկ, սակայն այսօր շատերը բավականաչափ ջուր չեն գործածում: Մարսողությունը լավացնելու ու փորկապություններից խուսափելու համար օրվա ընթացքում ցանկալի է խմել մաքուր ջուր, հյութեր, թեյեր ու նաեւ հեղուկ ճաշեր ուտել, հիշեցրեց մասնագետը:

3. Աշխատանք

Շատերին կարող է զարմացնել, սակայն մեր աշխատանքը նույնպես կարող է որոշակի դեր կատարել փորկապությունների զարգացման հարցում: Օրինակ եթե մարդու համար տհաճ է գրասենյակում զուգարան գնալը ու նա ստիպված է իրեն մինչեւ երեկո զսպել, կամ էլ եթե նա այնպիսի աշխատանք ունի, որի ժամանակ չի կարող զուգարան գնալ, երբ ցանկանա՝ այս հանգամանքները նույնպես կարող են փորկապությունների պատճառ դառնալ: