Իսպանիայում բժիշկները 11 ամսական երեխայի մոտ զարմանքով լնդախտ են ախտորոշել` հիվանդություն, որը ծայրաստիճան հազվադեպ է հանդիպում զարգացած երկրներում: Երեխային արհեստականորեն կերակրում էին, նա ընդամենը նշի կաթի հիման վրա պատրաստված խառնուրդ էր ստանում, ինչը, բժիշկների կարծիքով, այդ հիվանդության զարգացման պատճառ է դարձել:

Բժիշկների տեղեկությունների համաձայն, երեխան ծնվել է նորմալ քաշով եւ առաջին  10 շաբաթների ընթացքում նրան արհեստական խառնուրդով են կերակրել: Հետո նրա մոտ այդ խառնուրդի նկատմամբ ալերգիա է առաջացել, եւ բժիշկները նրան այլ սնունդ են նշանակել` նշի կաթի հիման վրա: Երբ երեխայի կես տարին լրացել է, ծնողները փորձել են նրա սննդակարգի մեջ ներառել մրգային եւ բանջարեղենային պյուրեներ, սակայն երեխան հրաժարվում էր ուտել դրանք, եւ սննդում մնացել է միայն նշի կաթից պատրաստված խառնուրդը: Չնայած դրան, մինչեւ յոթ ամսականը նա նորմալ է զարգացել եւ նույնիսկ սովորել էր ինքնուրույն նստել:

Հիվանդության առաջին նշաններն ի հայտ են եկել ութ ամսական հասակում. երեխան թոշնել էր եւ առանց օգնության վատ էր նստում, իսկ  11 ամսականում հրաժարվում էր ոտքի վրա կանգնել:  Բժիշկները նրա մոտ մի քանի կոտրվածք հայտնաբերեցին, ինչից հետո նկատեցին, որ ոսկրային զանգվածի պակաս ունի եւ լնդախտ ախտորոշեցին:

Սննդի նորմալացումից` սննդակարգում կաթնամթերք, ապուրներ եւ մրգեր, ինչպես նաեւ С եւ D վիտամիններ ներառելուց հետո երեխայի վիճակը նորմալացավ, իսկ  13 տարեկանում նա իր առաջին քայլերն արեց:

Չնայած արհեստական խառնուրդի կազմի մեջ պիտի մտնեն բոլոր անհրաժեշտ սննդանյութերն ու վիտամինները, բժիշկները, Իսիդրո Վիտորիայի գլխավորությամբ, համարում են, որ   նման խառնուրդից С վիտամինը անհրաժեշտ չափով չի յուրացվում, ինչը եւ հանգեցրել է լնդախտի զարգացման:

Հիշեցնենք, որ մասնագետները նորածինների համար լավագույն սնունդ են համարում կրծքի կաթը, որն ամրապնդում է իմունիտետը եւ պարունակում է երեխայի նորմալ զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Մինչեւ 6 ամսական հասակը խորհուրդ է տրվում երեխային կերակրել բացառապես կրծքի կաթով, դրանից հետո մանկաբույժների խորհրդով նրա սննդակարգում  լրացուցիչ սնունդ ներառել:

Այդ դեպքի մասին բժիշկները պատմել են ամերիկյան Pediatrics ամսագրում: