Կանանց սրտի կաթվածների պատճառները, ախտանիշները եւ հետեւանքները հաճախ տարբերվում են տղամարդկանցինից: Ինչպես տեղեկացնում է Ամերիկյան սրտաբանական ընկերակցության Circulation ամսագիրը, չնայած XXI դարում ԱՄՆ-ում սիրտ-անոթային հիվանդություններից մահացության զգալի նվազմանը, կանայք դրանցից անհամեմատ ավելի հաճախակի են մահանում, քան տղամարդիկ: Պատճառն այն է, որ կանանց դեպքում դեռեւս վատ են բուժում եւ ախտորոշում սրտի հիվանդությունները:

Միոկարդի կաթվածի պատճառ է համարվում դեպի սիրտը տանող հիմնական զարկերակների խցանումը (թրոմբոզ): Կանանց զարկերակների խցանումը (տղամարդկանց համեմատ) պակաս լուրջ բնույթ է կրում, նրանց ավելի հազվադեպ է ստենտավորում անհրաժեշտ լինում: Սակայն նրանց մոտ ավելի հաճախ են վնասվում պսակաձեւ զարկերակները, ինչը հանգեցնում է դեպի սրտամկան արյան հոսքի կրճատման: Այդ գործընթացի արդյունքը եւս սրտի կաթվածն է:

Կրծքավանդակի հատվածում ցավը երկու սեռի պարագայում էլ սրտի կաթվածի հիմնական ախտանիշն է: Սակայն կանանց մոտ ավելի հաճախակի են հանդիպում անսովոր ախտանիշներ (շնչահեղձություն, փսխուք, ցավ թիկունքում):

Ինչ վերաբերում է բուժմանը, կանայք արյան հոսքի վերականգնումից հետո ավելի ծանր բարդությունների են բախվում:  Հարցն այն է, որ նրանց արյունատար անոթները սովորաբար ավելի փոքր են եւ նրանք ավելի շատ են տառապում ռիսկի այնպիսի գործոններից, ինչպիսիք են դիաբետը եւ բարձր ճնշումը:  Բացի այդ, նրանց ավելի հազվադեպ են սրտի վերականգնում նշանակում եւ նրանք ավելի հազվադեպ են վերականգնողական ծրագիրը մինչեւ վերջ հասցնում: