Ալցհեյմերի հիվանդության (զառամախտի, ձեռքբերովի թուլամտության) առաջին նշանները հնարավոր է գրանցել ուղեղում բորբոքային գործընթացի սկզբից 20 տարի առաջ, ցույց են տվել Կարոլինյան ինստիտուտի շվեդ գիտնականների հետազոտությունները: 

Գիտնականների կողմից հետազոտվողների խումբը 52 մարդ էր ներառում, որոնց մոտ առկա էին Ալցհեյմերի հիվանդության ինչպես գենետիկական եւ ժառանգական, այնպես էլ սովորական`  «ցրված» ձեւեր:

Բոլոր մասնակիցներն ուղեղի սկանավորում եւ հիշողության թեստավորում են անցել: Հետազոտության արդյունքում գիտնականները նրանց մոտ բորբոքային փոփոխություններ են հայտնաբերել, որոնք հայտնի են որպես աստրոցիտների ակտիվացում:  Դրանք հայտնաբերվել էին հիշողության հետ կապված խնդիրների ի հայտ գալուց գրեթե 20 տարի առաջ: Աստրոցիտներն ուղեղի բջիջներ են, որոնք վնասվածքների դեպքում մեծանում են վերականգնմանն օգնելու համար: Գիտնականները նաեւ    «որոշիչ պատուհան» են ի հայտ բերել ախտանիշների զարգացումից մոտավորապես 17 տարի առաջ, երբ սկսում են աճել ամիլոիդային գնդիկները, որոնք ձեռքբերովի թուլամտություն են առաջ բերում: Կարոլինյան ինստիտուտի առաջավոր հետազոտող պրոֆեսոր Ագնետա Նորդերգի խոսքով, բարձրագույն մակարդակի աստրոցիտներում բորբոքային գործընթացները կարող են համարվել հիվանդության ի հայտ գալու ամենավաղ ցուցիչներից մեկը: 

Կարոլինյան ինստիտուտի շվեդ գիտնականների դիտարկումների արդյունքները հրապարակվել են Brain գիտական ամսագրում: