Հղիության ընթացքում հակաասթմատիկ դեղամիջոցներ ընդունած կանանց երեխաները հաճախ են բախվում աուտիզմին եւ աուտիստական սպեկտրի այլ խանգարումների: Այդ մասին տեղեկացնում են Դրեքսելի համալսարանի գիտնականները: 

Գիտնականները վերլուծել են 1997-ից 2006-ի ընթացքում ծնված, աուտիզմով տառապող 5200 եւ առողջ 52 000 երեխայի մասին տվյալներ: Պարզվել է, որ հղիության ընթացքում հակաասթմատիկ դեղամիջոցների` բետա-2 ադրենոռեցեպտորների ագոնիստների ընդունումը 30 տոկոսով ավելացնում է աուտիզմի զարգացման ռիսկը: Ամենամեծ ռիսկին ենթակա էին այն կանայք, որոնք ամբողջ հղիության ընթացքում դեղամիջոցներ էին ընդունում: 

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ աուտիզմով տառապող երեխաների 3.7 տոկոսի մայրերը հղիության ընթացքում ասթմայի դեմ դեղամիջոցներ են օգտագործել: Առողջ երեխաների 2.9 տոկոսը եւս ծնվել է հղիության ընթացքում այդ դեղամիջոցներն օգտագործող մայրերից: 

Հետազոտողները ենթադրում են, որ այդ դեղամիջոցների կազմի մեջ մտնող նյութերն ի վիճակի են հաղթահարել ընկերքային պատնեշը եւ ազդել պտղի ուղեղի նեյրոնների զարգացման վրա, ինչը հենց հանգեցնում է նրա մոտ հիվանդության զարգացմանը: Սակայն այդ կապն ապացուցելու համար անհրաժեշտ է նոր հետազոտություններ անցկացնել, ընդգծում են գիտնականները: 

Հիմնական խնդիրն այն է, որ հղիության ընթացքում չվերահսկվող ասթման եւս կարող է վտանգավոր լինել ինչպես մոր, այնպես էլ պտղի համար: Այդ պատճառով մասնագետներն ուզում են ավելի խորքից ուսումնասիրել աուտիզմի եւ ասթմայի միջեւ կապը եւ որոշել, թե ասթմայով տառապող հղի կանանց համար ինչպիսի պահվածքն ավելի ճիշտ կլինի եւ որքանով է նպատակահարմար նրանց որեւէ դեղամիջոց տալը: 

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Pediatrics ամսագիրը: