Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հիմնականում նստակյաց կենսակերպ վարող տարեց մարդիկ, անկախ ֆիզիկական վարժություններ անելու սովորությունից, առավել ենթակա են հաշմանդամ դառնալու ռիսկին:

Հյուսիսարեւմտյան համալսարանին կից Ֆայնբերգի բժշկական դպրոցում բժշկություն դասավանդող Դորոթի Դանլոփը գնահատել է 60-նն անց ավելի քան 2 000 տղամարդու եւ կնոջ ֆիզիկական վարժություններ անելու սովորությունը, ինչպես նաեւ առօրյա գործողություններ անելու նրանց ունակությունը:

Հետազոտությանը մասնակիորեն աջակցել է ԱՄՆ-ի Արթրիտի եւ հենաշարժական ապարատի հիվանդությունների ազգային ինստիտուտը: Այն հրապարակվել է Physical Activity & Health ամսագրում, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Դանլոփն ու նրա գործընկերները գնահատել են ԱՄՆ-ի առողջապահության եւ սննդի ազգային փորձաքննության հարցման արդյունքում ստացված պատասխանները: Հետազոտության մասնակիցներն աքսելերոմետր են կրել, որպեսզի 2002-2005 թվականներին 4 անգամ չափեն նրանց գործունեությունը:

Պարզվել է, որ նրանցից քչերն են համապատասխանել շաբաթը 2,5 ժամվա ընթացքում  չափավոր ակտիվության պահանջներին, ասում է Դանլոփը: Հետազոտության արդյունքներով՝ նրանց միայն 6%-ն է համապատասխանել պահանջներին:

Կանայք եւ տղամարդիկ օրվա ընթացքում միջինում 9 ժամ անցկացրել են նստած: Նրանց 4%-ն ասել է, որ առօրյա գործունեության հետ կապված դժավարություններ ունի՝ անկողնուց վեր կենալ, հագնվել, քայլել:

Անշարժության ամեն լրացուցիչ ժամի դեպքում հաշմանդամության ռիսկը մեծացել է մոտ 50%-ով, ասում է Դանլոփը:

Ի՞նչ վատ բան կա նստելու մեջ: Դանլոփը չի կարող հստակ ասել, բայց ասում է, որ փորձագետների կարծիքով՝ երկար նստելու հետեւանքով մկանները քիչ ճարպ են այրում եւ վատանում է արյան շրջանառությունը, ինչի պատճառով բարձրանում է արյան ճնշումը, առաջանում են սրտային հիվանդություններ, կոճերն ուռչում են, կարող է դիաբետ առաջանալ:

Վեր կացեք, երբ հեռախոսով եք խոսում, առաջարկում է նա: Աշխատավայրում կամ տանը մի քիչ քայլեք, երբ վեր եք կենում ջուր կամ սուրճ բերելու: