Որքան ավելի հաճախակի են ճարպակալման զոհերը նախաճաշ ուտում, այնքան բարձր է նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակը, ցույց է տվել նոր հետազոտությունը: Մեծ Բրիտանիայի Բաթայի համալսարանի գիտնականները որոշել են վերլուծել առավոտյան սնունդ ընդունելու եւ ճարպակալման զոհերի թվին դասվող մարդկանց առողջության միջեւ կապը: Ստացված տվյալները համադրել են այն խմբի արդյունքներին, որի մասնակիցները նախաճաշ չեն կերել:
Ինչպես պարզվել է դիտարկման ընթացքում, ճարպակալման այն զոհերը, որոնք նախաճաշ էին ուտում, իրենց քաշը չէին կորցնում, բայց առավոտյան սնունդ ընդունելը առավոտյան ֆիզիկական ավելի մեծ ակտիվության էր հանգեցնում եւ օրվա ընթացքում ընդունվող սննդի քանակության նվազման: Հետեւաբար, երկու խումբն էլ ի վերջո նույն արդյունքը գրանցեցին: Գիտնականների կարծիքով, ֆիզիկական ակտիվության աճը առավելապես նստակյաց կենսակերպ ունեցող ժամանակակից բնակչության առողջության ամրապնդման կարեւորագույն միջոցներից մեկն է:
«Չնայած շատ ուրիշներ ընտրության առաջ են կանգնած` առավոտյան նախաճաշել, թե ոչ, մինչ այժմ գիտությունն իր տրամադրության տակ հավաստի տվյալներ չունի այն մասին, թե արդյոք նախաճաշը կամ դրանից հրաժարվելը փոփոխություններ է առաջ բերում մեր առողջության մեջ, ասում է հետազոտության հեղինակ բժիշկ Ջեյմս Բեթսը: Մեր դիտարկումները ցույց են տվել նախաճաշ ուտելու կամ դրանից հրաժարման որոշ հետեւանքներ: Առավոտյան սնունդ ընդունելու կարեւորությունն ամեն դեպքում մեծապես կախված է ամեն կոնկրետ մարդուց եւ նրա առաջ դրված նպատակներից: Օրինակ, եթե նման նպատակ է քաշի կորուստը, մենք վստահ չենք, որ նախաճաշից հրաժարումը կօգնի իրականացնել դա»:






