Հակաքաղցկեղային դեղամիջոցը, որն ամերիկյան FDA-ի հավանությանն է արժանացել եւ օգտագործվում է կլինիկական պրակտիկայում, կարող է օգնել կանխելու Ալցհայմերի հիվանդության ախտանիշների զարգացումը: Այդ մասին տեղեկացնում են University of Cambridge-ի գիտնականները: Եթե դեղամիջոցի արդյունավետությունը հաստատվի, այն հնարավոր կլինի օգտագործել Ալցհայմերի հիվանդության ամենատարբեր փուլերում` դրա զարգացումը կանխելու համար:
Վերոհիշյալ գիտնականները մի շարք փորձարկումներ են իրականացրել Ալցհայմերի հիվանդության նշաններ ունեցող նեմատոդների վրա եւ պարզել են, որ բեկսարոտենը, որն օգտագործվում է ուռուցքային հիվանդությունների պարագայում, խոչընդոտել է նոր ամիլոիդային գնդիկների առաջացմանը, որոնք, մասնագետների կարծիքով, Ալցհայմերի հիվանդության ախտանիշներ են համարվում:
Միշել Վենդրուսկոլոն բացատրում է, որ դեղամիջոցը թույլ է տվել կանգնեցնել հիվանդության առաջընթացը եւ երկարաձգել որդերի մոտ դրա առաջին նշանների ի հայտ գալը, բայց ի վիճակի չի եղել վերացնել արդեն առաջացած գնդիկները:
Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են բեկսարոտենի աշխատանքի մեխանիզմը: Պարզվել է, որ այն արգելափակել է նուկլեացիայի գործընթացը, որը բետա-ամիլոիդի առաջացման սկզբնական փուլն է:
Իրականում նման հետազոտություններն առաջին անգամ չէ, որ անցկացվում են: Ավելի վաղ փորձարկումներում եւս ցույց էր տրվել, որ այդ դեղամիջոցն օգնում է ազատվել Ալցհայմերի հիվանդության ախտանիշներից, սակայն ստացված արդյունքները հետագայում հերքվեցին, որովհետեւ Ալցհայմերի հիվանդությամբ տառապողների վրա բեկսարոտենի կլինիկական փորձարկումները հաջողություն չունեցան: Սակայն որդերի վրա փորձարկումների արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ դեղամիջոցը պետք է տալ հիվանդության վաղ փուլերում, ոչ թե այն ժամանակ, երբ արդեն ախտանիշներ կան. դա թույլ կտա կանխարգելել բետա-ամիլոիդային գնդիկների առաջացումը եւ ձեռքբերովի թուլամտության զարգացումը:






