Միասին ապրող մարդկանց իմունային համակարգերը հարմարվում են իրար, ցույց են տվել Լյովենի կաթոլիկական համալսարանի գիտնականները: Նոր հետազոտության մասին հաղորդում է New Scientist պորտալը:

Լյովենի կաթոլիկական համալսարանից Ադրիան Լիսթոնը եւ իր գործընկերներն ուսումնասիրել են  2-ից 86 տարեկան   670 առողջ մարդու արյան նմուշները: Հետազոտողների խումբը բոլոր նմուշներում հաշվել է իմունային բջիջների քանակը ակտիվացման 54 տարբեր վիճակներից յուրաքանչյուրում: Հետո գիտնականները հետագա վեց ամիսների ընթացքում վերլուծել են այդ կամավորների մեկ քառորդի արյան լրացուցիչ նմուշներ: 

Գիտնականների խոսքով, իմունային պրոֆիլները զարմանալիորեն կայուն են մնում: Նույնիսկ երբ իմունային համակարգը մի որեւէ հիվանդությունից սթրես է ապրում, այն արագ վերականգնվում է եւ վերադառնում ելման դրության: Սակայն Ադրիան Լիսթոնը հետաքրքիր օրինաչափություն է նկատել. միասին ապրող մարդկանց իմունային համակարգերը զարմանալիորեն նման են: 

Գիտնականները դա բացատրում են նրանով, որ միասին ապրող մարդիկ, որպես կանոն, համանման սննդակարգի են հետեւում, համանման կենսակերպ են վարում. օրինակ, չծխող մարդու զուգընկերն ամենայն հավանականությամբ քիչ կխմի: 

Բացի այդ, միասին ապրող մարդիկ վիրուսներ են փոխանակում: Նրանք նաեւ աղիքային մանրէների համանման հավաքածուներ ունեն, որոնք հայտնաբերվել են տան փոշում կամ ստացվել են երեխաներից: Գիտնականները նշում են, որ շատ բարդ է հասկանալ, թե իմունիտետների իրար հարմարվելն ինչ ազդեցություն կունենա կոնկրետ մարդու առողջության վրա:  Այն կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական լինել: