Հղի կանանց մասնակցությամբ Բրազիլիայում անցկացված հետազոտությունը «ամրապնդում է» նորածինների միկրոցեֆալիայի ու Զիկա վիրուսի միջեւ կապը: Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Lancet Infectious Diseases ամսագրում, ցույց է տվել Զիկա վիրուսի առկոյությունը Զիկա տենդի ախտանիշներ ունեցող երկու կանանց պտղաջրերում:

Դա գիտնականների խոսքով ցույց է տալիս, որ պտուղն իրոք կարող է մոր արգանդում վարակվել այդ վիրուսով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, սակայն, հավաստիացնում են, որ միկրոցեֆալիայի՝ բնածին լուրջ արատի ու Զիկա վիրուսի միջեւ կապը դեռ ապացուցված չէ:

Բրազիլիայում վերջին ամիսներին միկրոցեֆալիայով հիվանդ մեծ քանակության երեխաներ են ծնվել. Նրանց գլուխը նորմայից շատ փոքր է ու նրանք զարգացման հետ խնդիրներ ունեն: Այս պահին երկրում միկրոցեֆալիայի 508 հաստատված դեպք կա ու 3935 դեպք, որոնք դեռ չեն հաստատվել կամ հերքվել:

Այս արատով ծնվող երեխաների քանակի այս անսովոր աճը համընկել է երկրում Զիկա տենդի տարածմանը, ինչն էլ հենց դրդում է գիտնականներին մտածել, որ վիրուսի ու բնածին արատի միջեւ կարող է կապ լինել:

Այն երկու կանայք, որոնց ուսումնասիրել են գիտնականները, դիմել էին բժշկի Զիկա տենդի ախտանիշներով: ՈւՁՀ-ն ցույց էրտվել, որ պտուղների մոտ միկրոցեֆալիա կա: Այդ ժամանակ գիտնականները նրանցից պտղաջրերի փորձանմուշ են վերցրել ու այդ հեղուկի գենետիկ անալիզը ցույց է տվել Զիկա վիրուսի առկայություն:

«Հետազոտությունը ցույց է տվել, որ Զիկա վիրուսն իրոք թափանցում է հղի կնոջ պտղաջրի միջով, ինչը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ այն կարող է անցնել նաեւ ընկերքի միջով ու վարակել պտղին: Սակայն այս հետազոտությունը չի կարող ապացուցել՝ արդյոք հենց վիրուսն է եղել պտուղների մոտ միկրոցեֆալիայի զարգացման պատճառը», - նշել է բժշկուհի Անա դե Ֆիլիպիսսը՝ Oswaldo Cruz Institute-ից: