Մանրէածին վարակների դեմ պայքարի համար նախատեսված հակաբիոտիկները կարող են մի շարք երկրորդական հետեւանքներ առաջ բերել, այդ թվում` զառանցանքներ եւ նոպաներ: Այդ մասին տեղեկացնում են Հարվարդի Բժշկական դպրոցի գիտնականները` նշելով սակայն, որ նման դեպքեր բավականին հազվադեպ են գրանցվում:  

Շամիկ Բատտաչարիան եւ իր գործընկերները զառանցանքի ի հայտ գալու   391 դեպք են նկարագրել, որոնք կապված են հակաբիոտիկների ընդունման հետ, ընդ որում այդ հիվանդներն անցյալում ընդունել էին ինչպես ամենասովորական հակաբիոտիկներ, օրինակ` պենիցիլին, այնպես էլ ավելի հազվագյուտ դեղամիջոցներ, որոնք նշանակվում են ներերակային ընդունման համար, օրինակ` ցեֆիպիմ:    Բժիշկների նկարագրած հիվանդների 47 տոկոսի մոտ զգայախաբություններ են ի հայտ եկել, իսկ  14 տոկոսի մոտ` դողէրոցքի նոպաներ, 15 տոկոսի մոտ` մկանների ինքնաբերական կծկումներ են առաջ եկել, հիվանդների 5 տոկոսը կորցրել է իր մարմինը վերահսկելու կարողությունը: Ավելին, ԷԷԳ-ի օգնությամբ գիտնականները  հիվանդների    70 տոկոսի մոտ ուղեղի անկանոն էլեկտրական ակտիվություն են հայտնաբերել:  

Հետազոտողներն ի հայտ են բերել խանգարման երեք տեսակ, որոնք կապված են հակաբիոտիկների ընդունման հետ: Առաջին խմբի մեջ մտել են այն հիվանդները, որոնք պենիցիլին եւ ցեֆալոսպորիններ էին ընդունել. նրանց մոտ ավելի հաճախ էին ջղակծկման նոպաներ ի հայտ գալիս: Երկրորդ խմբում ընդգրկված հիվանդների մոտ հոգեկան խանգարումներ են հայտնաբերվել. նրանք հիմնականում պենիցիլին են ընդունել, պրոկաին, մակրոլիդներ, սուլֆոնամիդներ եւ ֆլուորոխինոլոններ: Եվ վերջապես, երրորդ խմբում ներառել են այն հիվանդներին, որոնց մոտ ԷԷԳ-ն գլխուղեղի անկանոն ակտիվություն էր արձանագրել, ինչպես նաեւ ի հայտ էին բերվել շարժունակության խանգարումներ. նրանք բոկորը մետրոնիդազոլ էին ընդունել:  

Գիտնականներն ընդգծում են, որ հետազոտությունը ցույց է տալիս ընդամենը հակաբիոտիկների ընդունման եւ զառանցանքի զարգացման միջեւ կապը: Այդ կապի հաստատման համար նոր հետազոտություններ  անհրաժեշտ կլինեն: 

Այդ հետազոտության մասին հաղորդում է Neurology ամսագիրը: