Փորձարարական Т-բջջային իմունոթերապիան կարող է օգնել լեյկոզի ծանր տեսակների բուժման գործում. ԱՄՆ-ի գիտնականների անցկացրած փոքրիկ հետազոտության ընթացքում փորձարարական մեթոդիկան թույլ է տվել լեյկոզով հիվանդների մոտ առողջության բարելավում արձանագրել: Ստացված արդյունքները տպավորիչ են թվում, սակայն գիտնականները նշում են, որ նոր մեթոդիկայի օգտագործումը կապված է լուրջ երկրորդական հետեւանքների հետ, եւ մինչեւ այն գործնականում կիրառելը, անհրաժեշտ է ավելի երկար մանրամասնորեն ուսումնասիրել այն:

Fred Hutchinson Cancer Research Center-ի հետազոտողները Սթենլի Ռիդդլերի գլխավորությամբ Т լիմֆոցիտներ են վերցրել, որոնք առանձնացվել էին սուր լիմֆոլեյկոզով, խրոնիկական լիմֆոլեյկոզով եւ ոչ հոջկինյան լիմֆոմայով տառապող հիվանդների արյունից. դրանք փոփոխելով, բջիջներին սովորեցնելով հարձակվել քաղցկեղային բջիջների վրա, դրանք նորից մտցրել են հիվանդների օրգանիզմ:

Հետազոտությանը մասնակցած բոլոր հիվանդներն ավելի վաղ քիմիաթերապիա եւ ճառագայթային թերապիա էին անցել, որոնք արդյունավետ չէին եղել:

Նախածրագրավորված Т բջիջների ներմուծումն օգնել է բարելավել հիվանդների վիճակը: Փոխպատվաստումից մի քանի շաբաթ անց գիտնականները նկատել են, որ սուր լիմֆոլեյկոզով տառապող հիվանդների 94 տոկոսի  ոսկրածուծում բացակայում էին ուռուցքային բջիջները, այսինքն հիվանդներն ամբողջությամբ բուժվել էին: Էական բարելավումներ են նկատվել արյան քաղցկեղի այլ տեսակներով տառապող հիվանդների 80 տոկոսի մոտ. նրանցից գրեթե կեսին հաջողվել է ամբողջությամբ բուժվել:

Ճիշտ է, որոշ դեպքերում հիվանդների մոտ լուրջ բարդացում է զարգացել` ցիտոկինների արտանետման համախտանիշ, որն ուղեկցվել է ճնշման նվազմամբ եւ ջերմաստիճանի բարձրացմամբ: Բացի այդ, երկու հիվանդ մահացել է հետազոտության ընթացքում:

Չնայած այդ ամենին, գիտնականները վստահ են, որ իմունոթերապիան ի վիճակի է երկարացնել անհույս ուռուցքային հիվանդների կյանքն այն դեպքում, եթե բուժման այլ մոտեցումներ, մասնավորապես` քիմիաթերապիան եւ ճառագայթային թերապիան անարդյունավետ են: