Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի նեյրոկենսաբանները 

Սթենֆորդի համալսարանի նեյրոկենսաբանության մասնագետները փորձարկում են իրականացրել  տասնհինգ կամավոր ուսանողի մասնակցությամբ (եւ պատանիների, եւ աղջիկների), որոնք «սիրահարվածության գագաթնակետում էին»: Փորձարկման մասնակիցներին առաջարկվել է տաքությունից ցավի թեստ անցնել. կամավորների ափերին ջերմախթանիչներ են ամրացվել, որոնք աստիճանաբար տաքանում էին եւ ի վերջո անտանելի ցավ էին պատճառում: 

Նեյրոկենսաբանները սկանավորել են մասնակիցների ուղեղը եւ միաժամանակ արձանագրել  զգայունության ջերմային շեմը:  Տաքացնելու ընթացքում սիրահարներին նաեւ տարբեր պատկերներ են ցուցադրել   (սիրելի մարդկանց լուսանկարներից մինչեւ չեզոք պատկերներ), հետո ոչինչ ցույց չեն տվել` առաջարկելով մտածել որեւէ հաճելի բանի մասին: 

Արդյունքում պարզել են, որ փորձարկվողների ուղեղում ակտիվացել են այն հատվածները, որոնք պատասխանատու էին հաճույքի համար եւ կապված էին դոպամինի արտադրության հետ: Այդ հորմոնը պատասխանատու է տարբեր խթանիչներից առաջացող հաճելի զգացողությունների համար` սկսած քաղցր ուտելուց, վերջացրած կոկային օգտագործելով: 

Պարզվել է նաեւ, որ սիրելի մարդկանց լուսանկարներ դիտելու ընթացքում կամավորների ցավային շեմը բարձրանում էր, այսինքն նրանք ավելի հեշտ էին տանում ցավային զգացողությունները: Դա հաստատել է մասնագետների ենթադրությունը սիրահարվածության յուրահատուկ ցավազրկող դեղամիջոց լինելու մասին: