Տղամարդիկ, որոնք տաբատի գրպանում բջջային հեռախոս են կրում կամ էլ օրական մեկ ժամ դրանով խոսում են, ավելի հաճախ են բախվում բեղմնավորության հետ կապված խնդիրների, զգուշացնում են Technion University-ի գիտնականները:
106 տղամարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ այն տղամարդիկ, որոնք խոսում են լիցքավորվող հեռախոսով, ավելի քիչ ունեն ողջ եւ ակտիվ սպերմատոզոիդներ: Նման խնդրի են բախվում նաեւ այն տղամարդիկ, որոնք գիշերը հեռախոսն իրենց մոտ են պահում: Ավելին, այն տղամարդիկ, որոնք մեկ ժամվա ընթացքում հեռախոսով խոսում են, երկու անգամ ավելի հաճախակի են սերմնահեղուկի որակի հետ կապված խնդիրներ ունենում, քան նրանք, որոնք քիչ են խոսում:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ 47 տոկոսը այն տղամարդկանց, որոնք սովոր են հեռախոսը աճուկից 50 սմ-ից պակաս հեռավորության վրա պահել, բախվել է սպերմատոզոիդների հետ կապված լուրջ խնդիրների: Համեմատության համար, սպերմատոզոիդների ցածր քանակություն եւ որակ հանդիպում է մոլորակի տղամարդկանց մոտավորապես 11 տոկոսի մոտ:
Խնդիրն ավելի շուտ էլեկտրամագնիսական ակտիվությունն ու ջերմությունն են, որ ճառագում է հեռախոսը. այդ ամենը սպանում է սպերմատոզոիդներին, զգուշացնում են գիտնականները:
«Եթե Դուք արդեն մի տարի է` փորձում եք երեխա ունենալ եւ ոչինչ դուրս չի գալիս, գուցե դրա համար մեղավոր են բջջային հեռախոսի հետ կապված Ձեր սովորույթները», - նշել է պրոֆեսոր Մարթ Դիրնֆելդը:
Տղամարդկանց, որոնք ցանկանում են հայր դառնալ, գիտնականները խորհուրդ են տալիս հեռախոսով չխոսել, եթե այն լիցքավորման է դրված, իսկ առօրյա կյանքում այն հնարավորինս հեռու (գոնե 50 սմ-ով) պահել աճուկի հատվածից:
Այդ հետազոտության մասին հաղորդում է Reproductive BioMedicine ամսագիրը:






