Ծխողների գրեթե երեք չորրորդը, որոշելով ազատվել վնասակար սովորույթից, մոտավորապես կես տարի անց նորից սկսում է ծխել: Փենսիլվանիայի համալսարանի հետազոտական խումբը Ռեբեկկա Աշերի գլխավորությամբ առաջարկել է նիկոտինային կախվածությունից ազատվելու համար օգտագործել դեղամիջոց, որը նախատեսված է Ալցհայմերի հիվանդությամբ հիվանդների համար:  

Հեղինակներն առնետների վրա փորձարկումներ են կատարել, ինչպես նաեւ դեղերը փորձարկել են մարդկանց վրա: Նրանք ուսումնասիրել են ացետիլհոլինէստերազայի արգելակիչներ համարվող գալանտամինի եւ դոնեպերեզիլի ազդեցությունը նիկոտինի օգտագործման վրա:  

Հետազոտությանը 18-ից 60 տարեկան 33 մարդ է մասնակցել: Նրանք բոլորը հետաքրքրված էին ծխելը թողնել 23 օրում: Առաջին երկու շաբաթը նրանք թողնում էին ծխելը` միաժամանակ օգտագործելով գալանտամին կամ պլացեբո, ինչից հետո նրանց առաջարկվում էր մի ամբողջ օր չծխել` շարունակելով օգտագործել դեղամիջոցը: Հետագայում նրանց առաջարկեցին մեկ շաբաթով հրաժարվել ծխախոտից: Հետազոտողները նշում են, որ այն մարդիկ, որոնց հաջողվում է մի շաբաթ անցկացնել առանց ծխելու,  վնասակար սովորույթից ընդմիշտ ազատվելու ավելի մեծ շանսեր ունեն: 

Ացետիլհոլինէստերազայի արգելակիչներ ընդունած մարդիկ սկսեցին օրական  2,3 ծխախոտ պակաս ծխել, բացի այդ, սկսեցին անհամեմատ ավելի փոքր հաճույք ստանալ ծխելուց: Հեղինակները նախատեսել են շարունակել հետազոտությունները եւ այժմ կամավորների նոր խումբ են հավաքում: