Ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործումն օգտակար է առողջությանը: Հենց այդ բառերն է ցանկանում լսել մեր մեծամասնությունը, գրում է բրիտանական Daily Mail թերթը: Սակայն բժիշկները հերքում են այդ պնդումը. ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբաժինը նպաստում է վտանգավոր հիվանդությունների զարգացմանը:
Վերջին տարիների գիտական հետազոտությունների մեծ մասը ցույց է տվել, որ ալկոհոլի չափավոր օգտագործումն օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման գործում: Սակայն բրիտանացի հայտնի գիտնական դոկտոր Սելլի Նորթոնը (Մեծ Բրիտանիայում առաջին կին վիրաբույժը, որը ստամոքսի կրճատման վիրաբուժություն է իրականացրել) վստահեցնում է, որ տվյալ հետազոտությունները ճիշտ չեն իրականացվել: Հերիք է երբեք ալկոհոլ չօգտագործածների խմբից հանել սպիրտային խմիչքների նախկին սիրահարներին, եւ առողջության համար թունդ ըմպելիքների ամբողջ օգտակարությունը կվերանա:
Այլ խոսքով, ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է օգտակար լինել միայն նրանց համար, ով նախկինում անասելիորեն մեծ քանակությամբ է օգտագործել այն: Իսկ խմել չսիրողների համար սպիրտային խմիչքի ցանկացած չափաբաժին վնասակար է: Հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլի նույնիսկ աննշան քանակությունները (օրական մեկ գավաթից ոչ ավելի) 4 տոկոսով մեծացնում են կրծքի քաղցկեղի ռիսկը: Սպիրտայինի օրական երեք եւ ավելի բաժինը քաղցկեղի վտանգը մեծացնում 40-50 տոկոսով:
Մի շարք փորձագետների կարծիքով ալկոհոլը ուղիղ կամ անուղղակի հարաբերություն ունի 60 տարբեր հիվանդության հետ, ներառյալ ուռուցքների շատ տեսակներ, հիպերտոնիան, լյարդի ցիռոզը եւ դեպրեսիան: Շատ հաճախ մենք մոռանում ենք սպիրտային խմիչքներում պարունակվող կալորիաների քանակի մասին, այնինչ դրանք ճարպակալման պատճառներից մեկն են: Աշխարհում քաղցկեղից մահացության դեպքերի 4-ից 30 տոկոսը կարող է բացատրվել ալկոհոլի օգտագործմամբ:
Մեծ Բրիտանիայում ամեն տարի ալկոհոլի պատճառով մոտ ինը հազար մարդ է մահանում, եւ այդ թիվը շարունակում է աճել:
Սակայն ալկոհոլի օգտագործումը միայն առողջության հետ կապված խնդիրների չէ, որ հանգեցնում է: «Դուք երբեւէ ամաչե՞լ եք հարբած վիճակում ձեր պահվածքից, ձեր ընտանիքի կամ բարեկամների հետ խնդիրներ առաջացե՞լ են, գուցե ճանաչո՞ւմ եք այնպիսի մարդկանց, որոնք բախվել են դրան», - հարց են տալիս լրագրողները:
Ալկոհոլի օգտագործումը վնասում է հիշողությանը, կենտրոնացմանը, քնին, ինչը կարող է ավերել մարդու կարիերան: Ավելին, կարող են խնդիրներ առաջանալ սեռական կյանքում, այդ պատճառով արժե լավ մտածել բաժակը դատարկելուց առաջ:






