Օրական ընդամենը երկու բաժակ սուրճը կարող է 44 տոկոսով նվազեցնել լյարդի ցիրոզի զարգացումը: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները:

Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են ինը գիտական աշխատությունների տեղեկությունները: Հետազոտություններին մասնակցած 430 000 կամավորներից 1990 լյարդի ցիրոզ ունեին: Այդ հետազոտություններից ութում երկու բաժակ սուրճի գործածման ու ցիրոզի զարգացման վտանգի զգալի նվազեցման միջեւ կապ էր հայտնաբերվել: Ավելին, պարզվել է, որ սուրճի օրական չափաբաժնի բարձրացումն ավելի շատ է նվազեցնում ցիրոզի վտանգը:

Օրական մեկ բաժակ սուրճը 22 տոկոսով է նվազեցնում լյարդի ցիրոզի վտանգը, երկու բաժակը՝ 43 տոկոսով, երեքը՝ 57 տոկոսով, իսկ 4-ը՝ 65: Այս թվերը շատ տպավորիչ են, եթե հաշվի առնենք, որ ամեն տարի աշխարհում ցիրոզից ավելի քան մեկ միլիոն մարդ է մահանում: Հիմնականում այդ հիվանդության պատճառը ոգելիցի չափազանցված գործածումն է, իմունային խանգարումները, հեպատիտները ու լյարդի ճարպային հիվանդությունները: Նման հիվանդների բուժման միակ արմատական միջոցը լյարդի փոխպատվաստումն է:

«Ցիրոզը շատ ծանր ընթացող, գրեթե անբուժելի հիվանդություն է», - հիշեցնում է հետազոտության հեղինակ բժիշկ Օլիվեր Քենեդին: - Հետեւաբար շատ կարեւոր է ամեն գնով նվազեցնել ցիրոզի զարգացման վտանգը: Սուրճի գործածումը մատչելի, արդյունավետ ու մարդկանց մեծ մասին համար՝ նաեւ հաճելի կանխարգելիչ մեթոդ է»:

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ չգիտեն լյրադի ցիրոզի կանխարգելման մեջ սուրճի նման դերակատարման պատճառը: Սուրճի մեջ հարյուրավոր բաղադրիչներ կան ու առայժմ անհասկանալի է, թե դրանցից հատկապես որն է պաշտպանում լյարդը: