Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են մարդու գլխուղեղի հակազդեցությունը տելեպորտացիային` առարկայի հիպոթետիկ վայրկենական տեղափոխմանը հեռավորության վրա:
Դեւիսում Կալիֆորնիայի համալսարանի նյարդաբաններն ուսումնասիրել են համալսարանի կլինիկայի նյարդաբանական բաժանմունքում էպիլեպսիայից բուժվող երեք հիվանդի հակազդեցությունը տարածությունում վայրկենական տեղափոխման նմանակմանը:
Փորձարկվողներին, որոնք կամավոր մասնակցում էին գիտափորձին, ցույց էին տալիս տեսանյութ, որը նմանակում էր տարածությունում չընդհատվող տեղափոխությունը, որն ընդմիջվում էր տելեպորտացիայի հետ կապված պատկերների փոփոխություններով: Հիվանդների հակազդեցությունն ուսումնասիրվում էր նրանց գլխուղեղ մտցված էլեկտրոդների միջոցով:
Գիտնականները գլխուղեղի հիպպոկամպի տատանումների ռիթմի ընդհատում չարձանագրեցին, սակայն գրանցեցին դրա փոփոխվելը: Դրա պատճառը, նյարդաբանների կարծիքով, հիշողության եւ սովորելու կարողության փոփոխություններն էին, որոնք կապված էին ուղեղի կողմից տելեպորտացիայի ընկալման առանձնահատկությունների հետ:
Ավելի վաղ նյարդաբանները ենթադրում էին, թե հիպպոկամպի ռիթմերը գոնե մասամբ կապված են արտաքին ազդեցության հետ: Սովորական բուժական պրակտիկայում էլեկտրոդներն օգտագործվում էին էպիլեպսիայի նոպաների ընթացքում գլխուղեղում տեղի ունեցող գործընթացների ուսումնասիրության համար:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuron ամսագրում, դրանց մասին համառոտակի տեղեկացնում է EurekAlert!-ը:






