Ամերիկացի գիտնականները քաղցկեղային հիվանդությունների բուժման նոր մոտեցում են առաջարկել: Այսօր օգտագործվող քիմիաթերապիան շատ ագրեսիվ է. այն առաջարկում է դեղերի հնարավորինս մեծ չափաբաժինների նշանակում, որոնք պիտի հնարավորինս շատ քաղցկեղային բջիջներ ոչնչացնեն: Moffitt Cancer Centre-ի գիտնականների կարծիքով, ավելի խնայող եւ փոքր չափաբաժիններով քիմիաթերապիան կարող է նույնիսկ ավելի արդյունավետ լինել: Նրանք նոր մեթոդը ադապտիվ են կոչում:
Գիտնականները, Ռովերտ Հեյթենբիի ղեկավարությամբ, բացատրել են, որ բարձր չափաբաժիններով թերապիան հանգեցնում է նրան, որ քիմիաթերապեւտիկ դեղամիջոցների դեմ կայուն բջիջները գոյատեւում են նույնիսկ դեղամիջոցների մեծ չափաբաժնից հետո եւ սկսում են արագ կերպով կիսվել, ինչն ավելի է բարդացնում ուռուցքի դեմ պայքարը:
Հեղինակները ադապտիվ քիմիաթերապիան փորձարկել են կաթնագեղձի եռակի բացասական եւ ЭР(+) քաղցկեղով տառապող մկների վրա: Կենդանիներին խմբերի են բաժանել, որոնց վրա հեղինակները երեք քիմիաթերապեւտիկ ռեժիմ են փորձարկել` բարձր չափաբաժնով քիմիաթերապիա, ադապտիվ (АТ-1) քիմիաթերապիա ուռուցքի` բուժմանն արձագանքելու դեպքում չափաբաժնի աստիճանական նվազմամբ եւ ադապտիվ (АТ-2) թերապիա, որի դեպքում դեղերի ընդունումը դադարեցվում է, եթե ուռուցքը արձագանքում է բուժմանը:
Փորձարկման ավարտից հետո ուռուցքները բոլոր կենդանիների մոտ նվազել են, սակայն ագրեսիվ քիմիաթերապիայի եւ АТ-2 կուրսի ավարտից հետո ուռուցքի աճը վերականգնվել է: Այն մկները, որոնք АТ-1 սխեմայով քիմիաթերապիա էին ստացել, ավելի երկար էին ապրում, քան նրանք, որոնք АТ-2 էին ստացել կամ էլ քիմիաթերապիա ստանդարտ ռեժիմում:
Մոտ ժամանակներս հետազոտողները նախատեսել են ադապտիվ քիմիաթերապիան հիվանդների վրա փորձարկել. դրա համար արդեն կամավորների խումբ է հավաքվել, որոնք տառապում են շագանակագեղձի քաղցկեղով: Եթե մարդկանց վրա փորձարկումները նույնքան արդյունավետ լինեն, որքան մկների վրա, չի բացառվում, որ դա ամբողջությամբ փոխի մոտեցումը քաղցկեղի բուժմանը: Հնարավոր է, որ ապագայում մարդիկ կարողանան բավականաչափ երկար ապրել` օրգանիզմում ունենալով նույնիսկ մի փոքրիկ, բայց վերահսկվող եւ չաճող քաղցկեղային գոյացություն:






