Զարկերակային ճնշումն այն ճնշումն է, որն արյունը գործադրում է արյունատար անոթների պատերին, իսկ սրտի ռիթմը մեկ րոպեում սրտխփոցների թիվն է: Քլիվլենդի կլինիկայի սրտաբան բժիշկ Մայքլ Ֆոլքսը բացատրում է հիմնական տարբերությունները եւ մոլորություններն այս թեմայով.

1. Զարկերակային ճնշումը եւ սրտի ռիթմը փոխկապակցված են

Ճիշտ չէ. զարկերակային ճնշումը եւ սրտի ռիթմը հաճախ միասին են ընկնում ու բարձրանում, ասում է բժիշկ Ֆոլքսը:

Համենայն դեպս, եթե սրտի ռիթմը հաճախանում է, դա դեռ չի նշանակում, որ զարկերակային ճնշումը եւս անպայման պետք է բարձրանա, կամ հակառակը:

2. Զարկերակային ճնշման եւ սրտի ռիթմի համար կա միեւնույն «նորմալ» ցուցանիշ

Ճիշտ չէ. կան որոշակի սկզբունքներ, բայց ամեն դեպքում, նորմալ ցուցանիշները տարբեր են՝ կախված մարդուց:

Ընդունված է օպտիմալ զարկերակային ճնշում համարել 120 մմ ս. ս. սիստոլիկ (վերեւի թիվը՝ ցույց է տալիս ճնշումը զարկերակներում այն պահին, երբ սիրտը սեղմվում է եւ արյունը մղում զարկերակներ) եւ 80 մմ ս. ս. դիաստոլիկ (ներքեւի թիվը՝ ցույց է տալիս ճնշումը զարկերակներում սրտամկանի թուլացման պահին) ճնշումը: Սրտի կծկումների հաճախության (ՍԿՀ) համար նորմալ ցուցանիշը րոպեում 60-100 զարկն է:

3. Զարկերակային ցածր ճնշումը միշտ խնդրի հետ է կապված

Ճիշտ չէ. այն, ինչ նորմալ է մի մարդու համար, կարող է վտանգավոր լինել մեկ ուրիշի համար: Օրինակ՝ երիտասարդ եւ բարեկազմ մարդկանց ՍԿՀ-ն կարող է լինել 50 կամ նույնիսկ որոշ դեպքերում՝ 40:

Զարկերակային ցածր ճնշումը կարող է ավելի շատ խնդիրներ առաջացնել տարեց մարդկանց եւ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդների դեպքում:

4. Զարկերակային բարձր ճնշումը կամ ՍԿՀ-ն, հավանաբար, վտանգավոր է

Ճիշտ է. բժիշկ Ֆոլքսն ասում է, որ զարկերակային բարձր ճնշումը վնասակար ազդեցություն ունի արյունատար անոթների վրա:

5. Ճնշումը չափելու ժամանակը եւս նշանակություն ունի

Ճիշտ է. ճնշումը չափելու համար ընտրեք պահ, երբ Դուք թուլացած եք, խորհուրդ է տալիս բժիշկ Ֆոլքսը: Ճնշումը կարելի է չափել օրական երկու անգամ եւ վերցնել միջին ցուցանիշը: Եվ պետք չէ ճնշումը չափել մարզումից անմիջապես հետո:

Ինչը չափել՝ զարկերակային ճնշումը, թե ՍԿՀ-ը՝ նույնպես կախված է կոնկրետ հիվանդությունից: Նախասրտերի ֆիբրիլյացիա ունեցող հիվանդների համար ՍԿՀ-ը չափելն ավելի կարեւոր է, բայց հիմնականում, սրտի հիվանդությունների դեպքում կարեւոր է չափել ճնշումը: Ամեն դեպքում, չափեք եւ՛ մեկը, եւ՛ մյուսը: