Զարկերակային բարձր ճնշումից տառապող մարդկանց սննդակարգում անհրաժեշտ է օրական  մեկ բաժակ նարնջի հյութ ներառել: Գիտնականները պարզել են, որ ցիտրուսային մրգերը նվազեցնում են ուղեղի կաթվածի ռիսկը: 

Նրանց այդ ազդեցությունը բացատրվում է գեսպերիդին կոչվող ֆիտոնուտրիենտով, որն ավելացնում է ամբողջ օրգանիզմին, ներառյալ ուղեղին արյան մատակարարումը: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ից հետազոտողները: 

Հետազոտության հեղինակներն օգտագործել են դոպլերյան հոսքաչափ կոչվող սարքը` լազերային ճառագայթի օգնությամբ գնահատելու մաշկի տակ արյան հոսքի մակարդակը: Եթե մարդուն միացնեն այդ մեքենային եւ նրան գեսպերիդինի որոշակի քանակություն պարունակող լուծույթ տան, որը հավասարարժեք է երկու բաժակ նարնջի հյութի, զարկերակային ճնշումը կնվազի, իսկ արյան հոսքի մակարդակը կաճի, ցույց են տվել փորձարկումները: 

Երբ փորձարկման մասնակիցներն ուղղակի նարնջի հյութ են օգտագործել, ոչ թե գեսպերիդին լուծույթ, նրանց արյան շրջանառությունն ավելի է բարելավվել: Այլ խոսքով, ուղեղի կաթվածի կանխարգելման արդյունքը միայն  գեսպերիդինով չի բացատրվում: Գիտնականների կարծիքով, արյան հոսքի վրա ցիտրուսայինների դրական ազդեցությունը պայմանավորված է առողջության համար օգտակար մի շարք նյութերով:  

Հենց այն պատճառով զարկերակային բարձր ճնշումից եւ հիպերտոնիայից տառապող մարդկանց սննդակարգում պիտի անպայման առկա լինի նարինջը` ինչպես ամբողջական, այնպես էլ` հյութի տեսքով: Բնական է, որ նախընտրելի է թարմ քամված հյութը, ոչ թե փաթեթավորվածները, որոնք շաքարի ավելի մեծ քանակություն են պարունակում: