Պրոտոնային միջուկային մագնիսական ռեզոնանսը (Պ-ՄՄՌ), որի օգնությամբ հնարավոր է արյան պլազմայի նյութափոխանակային ֆենոտիպավորում իրականացնել, կարող է օգտագործվել թոքի քաղցկեղի արագ եւ ճշգրիտ ախտորոշման համար: Այդ մասին պատմել են Լեուվենի համալսարանի հիվանդանոցի հետազոտողները:
Գիտնականներն ախտորոշման նոր մեթոդը փորձարկել են 357 հիվանդի եւ 347 առողջ կամավորի վրա: Նրանցից յուրաքանչյուրն արյուն է հանձնել, որն անալիզի է ենթարկվել պրոտոնային միջուկային մագնիսական ռեզոնանսի միջոցով: Հեղինակներին հաջողվել է նյութափոխանակային տարբերություններ հայտնաբերել հիվանդ եւ առողջ մասնակիցների արյունների միջեւ (քաղցկեղային բջիջների համար բնորոշ էր մի շարք նյութերի խտությունների փոփոխությունը, որոնց թվում են գլյուկոզան, β-հիդրոքսիբուտիրատը, տարբեր ամինաթթուներ եւ այլ միացություններ): Ավելին, նոր մեթոդիկան թույլ է տվել ոչ միայն ի հայտ բերել հիվանդությունը, այլեւ տարբերել թոքերի ուռուցքով հիվանդներին վաղ եւ առաջացած փուլերում: Դեպքերի 78 տոկոսում հետազոտողները կարողացել են ճշգրտորեն պարզել ուռուցքի առկայությունը, իսկ քաղցկեղային գործընթացի բացակայությունը ճշգրտորեն հաստատել հնարավոր է եղել վերահսկիչ խմբի մասնակիցների 92 տոկոսի մոտ:
Ներկայումս թոքի ուռուցքի հայտնաբերման ամենատարածված մոտեցումներից մեկը ցածր չափաբաժնով համակարգչային տոմոգրաֆիան է, որը, սակայն, հաճախ կեղծ դրական արդյունքներ է տալիս: Լեուվենի համալսարանի հիվանդանոցի գիտնականների առաջարկած մեթոդիկան թույլ կտա ավելի ճշգրտորեն ի հայտ բերել հիվանդությունը, եւ ինչը հատկապես կարեւոր է, ուռուցքները հայտնաբերել վաղ փուլերում:
Այդ մասին հաղորդում է գիտական Journal of Thoracic Oncology ամսագիրը:






