ԱՄՆ-ում իսպանախոս երեխաների մասնակցությամբ իրականացված փորձարկումը ցույց է տվել, որ գետնանուշի յուղն անսպասելիորեն նպաստում է մարմնի զանգվածի նվազմանը եւ ավելորդ կիլոգրամների այրմանը, ասված է Journal of Applied Research on Children ամսագրում հրապարակված հոդվածում:
Հյուսթոնի համալսարանից (ԱՄՆ) Քրեյգ Ջոնսթոնը (Craig Johnston) եւ իր գործընկերները պարզել են, որ ճարպակալման դեմ պայքարի հնարավոր միջոցներից մեկը, որքան էլ պարադոքսալ հնչի, կարող է դառնալ գետնանուշի յուղը եւ հենց գետնանուշի հատիկները. նրանք այդ եզրակացությանն են հանգել` հետեւելով Թեքսասի մայրաքաղաքում ապրող լատինաամերիկյան ծագմամբ մի քանի հարյուր անչափահասի կյանքին եւ մարմնի զանգվածում փոփոխություններին:
Ինչպես բացատրում է գիտնականը, ԱՄՆ-ում անչափահասների ճարպակալման հիմնական պատճառն այն է, որ երեխաները դպրոցում գրեթե ոչինչ չեն ուտում նույնիսկ պարտադիր նախաճաշերի եւ ճաշերի առկայության դեպքում եւ քաղցած վերադառնում են տուն, որտեղ ծնողների բացակայությամբ չիփսերի եւ այլ «աղբային» սննդի հսկայական քանակություն են ուտում:
Հոդվածի հեղինակները ստուգել են, թե ինչ կլինի, եթե երեխաներին բացատրեն, որ սննդի նման ռեժիմը վնասակար է իրենց համար եւ նրանց հենց ավտոբուսում սնունդ բաժանեն: Որպես սնունդ ընտրել են տապակած գետնանուշը եւ գետնանուշի յուղը. այդ երկու մթերքն էլ, նրանց խոսքով, արագ հագեցածության զգացում են տալիս, բազմաթիվ սննդանյութեր են պարունակում եւ անհամեմատ ավելի քիչ կալորիաներ, քան չիփսերը եւ այլ չոր նախուտեստները:
Ինչպես ցույց են տվել դիտարկումների հետագա երեք ամիսները, նման մոտեցումը դպրոցականներին թույլ է տվել իրենց զանգվածի ինդեքսը նվազեցնել գրեթե մեկ միավորով, ինչը մոտավորապես հավասար է 1,5-1,6 մետր հասակով պատանու կողմից 2-3 կգ ճարպ կորցնելուն:
Տվյալ փորձարկման հաջողությունը, Ջոնսթոնի եւ իր գործընկերների կարծիքով, թույլ է տալիս խոսել այն մասին, որ դպրոցները կկարողանան ինքնուրույն նման «կանխարգելիչ հարվածներ» իրականացնել վնասակար սննդի ուղղությամբ` իրենց դպրոցականներին տուն գնալու ճանապարհին նման սնունդ բաժանելով: Պարտադիր չէ, որ դա լինի գետնանուշ կամ գետնանուշի յուղ, նման դերին կարող է համապատասխանել ցանկացած սնունդ, որը հագեցման զգացում է առաջացնում եւ չափից շատ կալորիաներ չի պարունակում:






