Օրական 6 գավաթ սուրճի օգտագործումը նվազեցնում է ցրված սկլերոզի վտանգը: Սթոքհոլմի Karolinska Institute-ի, Մերիլենդի Ջոնս Հոփքինսի համալսարանի եւ Բերկլիի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները պնդում են, թե մարդու առողջության համար սուրճի օգտակարության ապացույցները գնալով ավելի համոզիչ են դառնում:
Հետազոտողները պարզել են, որ օրական ավելի քան 900 մլ սուրճի օգտագործումը (6 գավաթի համարժեքը) 30 տոկոսով նվազեցնում է ցրված սկլերոզի վտանգը: Այդպիսին են միանգամից երկու հետազոտության արդյունքները, որոնց ցրված սկլերոզով տառապող 3 000 մարդ է մասնակցել եւ այդ հիվանդությունը չունեցող եւ վերահսկիչ խմբում ներառված մոտ 4 000 մարդ:
Հետազոտության ընթացքում մասնակիցներին հարցրել են, թե ինչ ծավալով են սուրճ օգտագործում եւ երբվանից է այդ ըմպելիքն առկա նրանց սննդակարգում: Հետո գիտնականները որոշել են հետազոտության յուրաքանչյուր մասնակցի սննդակարգում սուրճի ծավալը մինչեւ ցրված սկլերոզի ախտանիշների ի հայտ գալը եւ դրանց ի հայտ գալու ընթացքում: Այդ տվյալները համադրել են առողջ մարդկանց խմբի վերաբերյալ տեղեկությունների հետ:
Հետազոտություններից մեկի ընթացքում սուրճի օգտագործումը կապված էր ցրված սկլերոզի վտանգի նվազման հետ ինչպես հիվանդության ախտանիշների ի հայտ գալու պահին, այնպես էլ դրանց առաջացման 5-10 տարվա ընթացքում: Օրական ավելի քան 900 մլ սուրճ խմողների մոտ հիվանդության զարգացման վտանգը նվազում է 28 -30 տոկոսով նրանց համեմատ, որոնք սուրճ չեն խմել: Երկրորդ հետազոտության արդյունքում մոտավորապես նման թվեր են ստացվել` 26-31 տոկոս նվազում նրանց մոտ, ովքեր օրական 948 մլ սուրճ էր օգտագործում:
Փորձագետների կարծիքով, սուրճը նյարդապաշտպանիչ հատկանիշներ ունի, այն ճնշում է բորբոքային ռեակցիան եւ խթանում է կենտրոնական նյարդային համակարգը:






