Ամերիկացի գիտնականները ցողունային բջիջների նոր տեսակ են հայտնաբերել. այն կարող է օգտակար լինել վերականգնողական բժշկության մեջ, շտկել բնածին արատները եւ նույնիսկ վերարտադրողական առողջության խնդիրները: Մոլեկուլային կենսաբան Տոնի Պարենտին Stem Cell Reports ամսագրում պատմել է իր բացահայտման` ինդուկտված XEN-բջիջների (iXEN) մասին, որոնք նա հայտնաբերել է «բջջային աղբում»:
Միչիգանի համալսարանի մոլեկուլային կենսաբաններ Էմի Պալսթոնը եւ Տոնի Պարենտին ինդուկտված ցողունային բջիջներ են հայտնաբերել, որոնց գիտությունը նախկինում վերաբերվում էր որպես բջջային աղբի: Շատ հետազոտություններ կենտրոնացած են բազմապոտենտ ցողունային բջիջների ստեղծման եւ օգտագործման վրա: Նման բջիջներ կարելի է ստեղծել սաղմնային գեների ռեակտիվացիայի միջոցով, «վերածրագրավորելով» հասուն չափահաս բջիջները: Հասուն բջիջները ինդուկտված բազմապոտենտ ցողունային բջիջների (ԲՑԲ) վերածրագրավորելը դրանց հնարավորություն է տալիս դառնալ շինարարական բլոկներ, որոնցից հնարավոր է օրգանիզմի ցանկացած բջիջ կազմել: Այդ հատկությունը պահանջված է վերականգնողական բժշկության մեջ, օրինակ, օրգանիզմի վնասված լյարդը կարելի է բուժել իր իսկ` բազմապոտենտ բջջի միջոցով, առանց պոկվելու վտանգի:
Մինչեւ վերածրագրավորման բացահայտումը, գիտնականները ԲՑԲ էին ստեղծում սաղմերից: Սակայն սաղմը ոչ միայն ԲՑԲ է արտադրում, այլեւ XEN բջիջներ` բացառիկ հատկություններ ունեցող ցողունային բջիջների տեսակ: Եվ եթե ԲՑԲ-ներն օրգանիզմում բջիջներ են արտադրում, XEN բջիջներն արտադրում են արտասաղմնային հյուսվածք, որն այնքան կարեւոր է պտղի զարգացման համար, չնայած նրա դերը երկրորդական է:
Միչիգանի համալսարանի գիտնականները ենթադրել են, որ եթե սաղմն ինչպես բազմապոտենտ բջիջներ է արտադրում, այնպես էլ` XEN, հնարավոր է այդ գործընթացը վերարտադրել նաեւ ցողունային բջիջների վերածրագրավորման ընթացքում: Ինդուկտված iXEN բջիջների նոր տեսակը բազմապոտենտ բջիջների մշակության մեջ ի հայտ է գալիս որպես մոլախոտ: Մկների վրա կես տարի տեւած գիտափորձերն ապացուցել են, որ այդ գենետիկ «մոլախոտերը» քաղցկեղ չեն, ինչպես ենթադրվում էր նախկինում, այլ ցողունային բջիջների նոր տեսակ` կանխորոշված հատկանիշներով: Գիտնականների համար ավելի զարմանալի էր այն, որ XEN գեների արտահայտչականության արգելակման շնորհիվ հնարավոր է նվազեցնել iXEN բջիջների արտադրությունը եւ մեծացնել ԲՑԲ-ների քանակը:
«iXEN բջիջներն այնպիսի հատկանիշներ ունեն, որոնք բացակայում են բազմապոտենտ ցողունային բջիջների մոտ: Այդ բացառիկ հատկանիշները կարող են լույս սփռել վերարտադրողական հիվանդությունների բուժման վրա: Եթե հաջողվի բացահայտել iXEN բջիջների գաղտնիքները, հնարավոր կլինի կատարելագործել ինդուկտված բազմապոտենտ ցողունային բջիջների որակը եւ հիմք դնել կենդանի այն հյուսվածքի վերաբերյալ ապագա հետազոտությունների համար, որը պաշտպանում եւ սնուցում է մարդկային սաղմը», -ասել է մոլեկուլյար կենսաբան Տոնի Պարենտին:






