Վարժություններն ու վազքը վերջին բանն են, որով ուզում են զբաղվել քաղցկեղից բուժվող մարդիկ: Սակայն հենց վարժությունները կարող են շատ եւ շատ օգտակար լինել նրանց համար, պնդում են Կոպենհագենի համալսարանի գիտնականները:  

Մկների վրա գիտափորձերը ցույց են տվել, որ վազքը եւ ակտիվ վարժությունները ամբողջ 50 տոկոսով նվազեցնում են ուռուցքի աճը եւ օրգանիզմին օգնում են պայքարել դրա դեմ: Գիտնականները վստահ են, որ ֆիզիկական ակտիվությունը եւս ճիշտ այդպես է ազդում մարդկանց վրա:

Հետազոտության շրջանակում քաղցկեղով տառապող մկների մի խումբ ստիպված է եղել վազել, իսկ մյուս խումբը ոչինչ չի արել: Պարզվել է, որ պասիվ մկների ուռուցքի համեմատ վազող մկների մոտ ուռուցքը նվազել է 50 տոկոսվ: Դա բացատրվում է նրանով, որ ինտենսիվ ֆիզիկական ակտիվության ընթացքում արյան մեջ ադրենալինի ակտիվ արտադրության շնորհիվ բնական  «սպանող բջիջները» ավելի մեծ արագությամբ են շարժվում քաղցկեղային բջիջների ուղղությամբ եւ ոչնչացնում են դրանք: 

Բժիշկ Պերնիլլա Հոջմանը պատմել է, որ ինքը եւ գործընկերները փորձել են նաեւ մկներին ադրենալին ներարկել` նմանակելու ֆիզիկական վարժությունների ազդեցությունը: Նույնիսկ այս դեպքում օրգանիզմը պաշտպանող սպանող բջիջներն ակտիվացել են եւ ավելի արագ են գտել քաղցկեղի բջիջները: Միաժամանակ փոքր քանակությամբ սպանող բջիջներ ունեցող մկների մոտ նույնիսկ վարժություններից հետո ուռուցքը չի փոքրացել: Նույնը տեղի է ունեցել նաեւ այն մկների մոտ, որոնց մոտ արգելափակել են ադրենալինի ազդեցությունը Այդ ամենը գիտնականներին հիմքեր է տվել ենթադրելու, որ վարժությունների ընթացքում արտազատվող ադրենալինն ուղղակիորեն կապված է սպանող բջիջների աշխատանքի հետ:  

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Cell Metabolism ամսագիրը: