Մարդու գենոմի վիրուսային տարրերը դեր են խաղում բնածին իմունիտետի գործունեության մեջ, ցույց է տալիս նոր հետազոտությունը: 

Մեր ԴՆԹ-ում պահպանվում են հնագույն վիրուսային վարակների հետքերը, որոնցով վարակվել են մարդու հեռավոր նախնիները:  Սովորաբար այն բանից հետո, երբ այսպես կոչված ռետրովիրուսները ներթափանցում են բջջի մեջ,  նրանց ՌՆԹ-ի մոլեկուլի նմանությամբ ԴՆԹ-ի շղթա է կառուցվում, որը ներկառուցվում է բջջային միջուկի քրոմոսոմների մեջ:  Եթե վիրուսային վարակը օրգանիզմի կողմից հաղթահարվում է եւ վարակիչ ԴՆԹ-ով գեների արտահայտումը դադարում է, շղթան վերածվում է գենոմի չաշխատող հատվածի:    Եթե նման վարակում տեղի է ունեցել սեռական բջիջում, վիրուսի ԴՆԹ-ն փոխանցվում է տվյալ օրգանիզմի սերունդներին: Հետագայում դա փոխանցվում է սերնդե սերունդ` պահպանվելով քրոմոսոմի կառուցվածքում: Գենոմի նման հատվածները էնդոգենային ռետրովիրուսներ են կոչվում: Մարդու մոտ դրանք գենոմի մինչեւ 8 տոկոսն են կազմում:

Նոր հետազոտությունը պարզել է, թե մարդուն ինչ օգուտ են տալիս էնդոգենային ռետրովիրուսները: Յուտայի համալսարանից գիտնականների խումբը Էդուարդ Չիոնգի գլխավորությամբ ուսումնասիրել է էնդոգենային ռետրովիրուսների դերը բնածին իմունիտետում, որը օրգանիզմի պաշտպանության առաջին գիծն է: Եթե ադապտիվ իմունիտետը ձեւավորվում է որեւէ պաթոգենի (մանրէի, վիրուսի, թունանյութի եւ այլն) օրգանիզմ ներթափանցելուց հետո, քանի որ իմունային համակարգը սովորում է ճանաչել նրա առանձնահատուկ նշանները եւ պատասխան հարված հասցնել, ապա բնածին իմունիտետն արձագանքում է պաթոգենների ամբողջական դասերի: Այն ավելի արագ է գործում, թեկուզեւ` պակաս ճշգրիտ:  

Էդվարդ Չիոնգն ու իր գործընկերները սկանավորել են մարդու բջիջների երեք գիծ` պարզելու այնպիսի էնդոգենային ռետրովիրուսների առկայությունը, որոնք կարող են կապված լինել այն գեների հետ, որոնք պատասխանատու են բնածին իմունիտետի գործոնների ակտիվացման համար, եւ բազմաթիվ նման ռետրովիրուսներ են հայտնաբերել:  Նրանց դերը հաստատելու համար հետազոտողները որոշել են CRISPR գործիքի օգնությամբ բջիջների գենոմից հեռացնել մի շարք էնդոգենային ռետրովիրուսներ: Դրանից հետո տվյալ բջիջները վարակել են կովի ծաղիկ հիվանդությամբ:  Պարզվել է, որ գենոմի վիրուսային տարրերից զուրկ բջիջներում բնածին իմունիտետի գործունեությունը լրջորեն խախտվել էր:  Առանցքային իմունային սպիտակուց չի սինթեզվել, այդ պատճառով իմունային պատասխան չի ձեւավորվել: Իսկ երբ գիտնականները բջիջների գենոմին վերադարձրել են վիրուսային բեկորները, իրավիճակն անմիջապես շտկվել է: 

Հետազոտությունը հրապարկվել է  Science ամսագրում: