Աչքերը արցունքոտվում են, ձեռքերին ու ոտքերին ցան է հայտնվում, ոտքերը այտուցվում են. սրանք Զիկա տենդի հայտնի ախտանիշներից են: Իսկ հիմա բրազիլացի բժիշկները փորձում են հայտնաբերել ու հասկանալ, թե ուրիշ ինչ ախտանիշներով կարող է այս հիվանդությունը դրսեւորվել հղի կանանց մոտ:
Զիկա վիրուսի վերաբերյալ հետազոտություններ բավականին շատ են արվել, ու դրանցից մի քանիսը ցույց են տվել, որ մինչեւ վերջերս առողջ համարվող հղի կանայք սկսել են բժշկի դիմել տարօրինակ ախտանիշներով, որոնք նման չեն վերոնշյալ ախտանիշներին: Նրանց մեծ մասի մոտ կա ցան, քոր, կոնյուկտիվիտ, ոմանց մոտ արտրալգիա, հոդացավ կամ լիմֆադենոպատիա՝ ավշային հանգույցների այտուցվածություն: Վզի, կրծքավանդակի, որովայնի կամ էլ նույնիսկ թեւատակերի ավշային հանգույցները այնքան են մեծանում, որ ոլոռի են նմանվում: Որոշ կանանց մոտ կա նաեւ բարձր ջերմություն, մոտավորապես 5-ից մեկի մոտ էլ՝ սրտխառնոց կամ փսխում:
Այս բոլոր ախտանիշները համարվում են թեթեւ, ոչ այնքան վտանգավոր, սակայն հղիության ընթացքում Զիկա վիրուսով վարակվելու հետեւանքները կարող են աղետալի լինել, նախազգուշացնում են գիտնականները: Բանն այն է, որ Զիկա վիրուսը, ամենայն հավանականությամբ, կապ ունի պտղի մոտ միկրոցեֆալիայի ու այլ բնածին արատների զարգացման հետ: Այն երկրներում, որտեղ Զիկա տենդն այսօր առավել տարածված է, նկատվում է նման արատներով երեխաների թվի 20-ակի ավելացում:
University of California Los Angeles-ի բժիշկների խոսքով, Զիկա վիրուսով վարակվելը կարող է խնդիրներ ստեղծել հղիության ցանկացած ժամկետում: Նույնիսկ եթե վիրուսը չի ախտահարում պտուղը, այն կարող է վնասել պլացենտան, ինչը պտղի մահվան պատճառ կդառնա:






