Եթե նորածինները հենց առաջին ամիսներից մոր կաթի հետ այսպես կոչված ալերգեն մթերքներ են օգտագործում, ինչպիսին է, օրինակ, գետնանուշը, նրանց մոտ նվազում է հետագայում սննդային ալերգիայի առաջացման վտանգը, պարզել են բրիտանացի գիտնականները: 

Նրանք հետաքրքիր հետազոտություն են իրականացրել: Նորածինների սննդին մի քիչ ալերգեն մթերք է ավելացվել եւ պարզվել է, որ ապագայում դա կնպաստի նման երեխաների` ալերգիայով հիվանդացման նվազմանը: 

Սեփական կռահումները ստուգելու համար գիտնականներն ավելի քան հազար նորածնի են հետեւել: Երեխաներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին մինչեւ վեց ամսականը կերակրել են միայն կրծքի կաթով, իսկ երկրորդ խմբին, կրծքի կաթից բացի, երրորդ ամսից սկսած կերակրել  են  6 ամենաալերգեն մթերքներով` քնջութ, ձու, գետնանուշ, ցորեն, ձուկ, կաթ: 

Հետո մի քանի տարվա ընթացքում հետազոտողները հետեւել են երեխաներին: Պարզվել է, որ երկրորդ խմբի երեխաների մոտ սննդային ալերգիայի զարգացման շանսերը նվազել են համարյա   70 տոկոսով:

Օրինակ, երեխաների գրեթե 6 տոկոսի մոտ, որոնց միայն  կրծքով էին կերակրում, ձվի նկատմամբ ալերգիա է առաջացել, իսկ մյուս խմբի երեխաների մոտ այդ ցուցանիշը չի գերազանցել մեկ ու կես տոկոսը: 

Ավելի լուրջ ցուցանիշներ են ի հայտ եկել գետնանուշի հետ կապված: Ամենահայտնի ալերգեն համարվող այդ մթերքն օգտագործած ավելի քան  300 երեխայի մոտ դրա հանդեպ ալերգիա չի զարգացել: 

Զուգահեռաբար գիտնականները պարզել են, որ մթերքների հանդեպ իմունիտետը մշակվում է միայն այն դեպքում, եթե այդ նյութերը նորածիններին տալիս են որոշակի ծավալով` շաբաթը ոչ պակաս, քան  2 գ գետնանուշ կամ ձվի դեղնուցի պրոտեին: 

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, թե որն է ալերգեն սննդամթերքը բոլոր երեխաների, ոչ թե երեխաների առանձին մի խմբի օրգանիզմ մտցնելու միջոցը, — հետազոտության հեղինակներից մեկի` դոկտոր Մայքլ Պերկինի խոսքերն է մեջբերում The Guardian թերթը: Եվ մեթոդի բացառիկությունը հենց դրանում է: Նախկինում ոչ ոք նման բան չի արել»: