Հայաստանում ապրող կանանց 33 տոկոսը եւ տղամարդկանց 21 տոկոսը կարծում է, որ ինքն ավելորդ քաշ ունի: Միաժամանակ կանանց 38 տոկոսը եւ տղամարդկանց 10 տոկոսը պնդում է, որ իրենք օբյեկտիվորեն ավելորդ քաշ ունեն, ինչպես ցույց է տվել NEWS.am Medicine-ի ընթերցողների շրջանում իրականացված հարցումը:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը փորձել է պարզել, թե արդյոք Հայաստանի շատ բնակիչներ են համարում, որ իրենք ավելորդ քաշ ունեն եւ արդյոք շատերն օբյեկտիվորեն ունեն ավելորդ քաշ: Պարզվել է, որ տղամարդիկ եւ կանայք իրենց տարբեր կերպ են ընկալում: Հարցված կանանց 33 տոկոսը (169) կարծում է, որ ինքն ունի ավելորդ քաշ, սակայն իրականում այն կարող է եւ չլինել: Կանանց 38 տոկոսը (196) պնդում է, որ ինքն օբյեկտիվորեն ունի ավելորդ քաշ, իսկ կանանց 29 տոկոսը (153) կարծում է, որ իր քաշը նորմայի սահմաններում է:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, նրանց ընդամենը 21 տոկոսն է (42) մտածում, որ ավելորդ քաշ ունի, 36 տոկոսը (74) համոզված է, որ ինքն օբյեկտիվորեն ավելորդ կգ-ներ ունի, իսկ 43 տոկոսը (87), որ իր քաշը նորմայի սահմաններում է:
Ընդհանուր առմամբ այս հարցմանը 518 կին եւ 203 տղամարդ է մասնակցել:
Հիշեցնենք, որ այսօր քաշի գնահատման շատ համակարգեր կան: Չնայած իր օբյեկտիվությանը, մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) մնում է քաշի` նորմային համապատասխանության առավել ժողովրդական եւ լայնորեն օգտագործվող ցուցանիշներից մեկը: ՄԶԻ-ն հաշվարկելու համար անհրաժեշտ է կգ-ներով քաշը բաժանել հասակի մետրերի քառակուսու վրա: Օրինակ, 170 սմ (1,7մ) հասակ եւ 54 կգ քաշ ունեցող աղջկա համար ՄԶԻ-ն կկազմի 18,69: Նորմա է համարվում 18,5-24,99 ՄԶԻ-ն:
ՄԶԻ-ի հիմնական խնդիրն այն է, որ մարդը կարող է ունենալ մեծ քաշ եւ բարձր ՄԶԻ ոչ թե որովհետեւ նրա մարմնում շատ ճարպեր կան, այլ մկանների մեծ քանակության հաշվին, ինչը հաճախ է պատահում մարզիկների մոտ:
Այդ պատճառով այն մասնագետները, որոնց դուր չի գալիս ՄԶԻ-ն, խորհուրդ են տալիս կողմնորոշվել գոտկատեղի չափով: Կանանց մոտ գոտկատեղը պիտի չգերազանցի 80 սմ-ն, իսկ տղամարդկանց մոտ` 92 սմ-ն: Եթե գոտկատեղի չափը գերազանցում է վերոնշյալ մեծությունները, ամենայն հավանականությամբ մարդը ճարպակալում ունի:
Շատ մասնագետների խոսքով, Հայաստանում ավելորդ քաշն առանձնապես առկա չէ երիտասարդ կանանց մոտ, սակայն չի կարելի նույնն ասել ավելի տարեց կանանց մասին: Ինչ վերաբերում է տղամարդկանց, նույնիսկ երիտասարդ տղամարդկանց մոտ մասնագետները ընդերային ճարպակալում են նկատում. գոտկատեղի հատվածում շատ ավելորդ քաշը չափազանց վտանգավոր է նրանց առողջության համար:






