Կնոջ խելքը եւ կրթվածությունն ամենաանմիջական եղանակով ազդում են նրա ամուսնու կյանքի տեւողության վրա, պարզել են Սթոքհոլմի համալսարանի գիտնականները:
Վերլուծելով մեկ ու կես մլն ամուսնական զույգի վերաբերյալ տվյալներ` հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ տղամարդու կյանքի տեւողությունը եւ նրա կնոջ կրթվածության աստիճանը իրար հետ կապված ցուցանիշներ են:
Այնպես որ, ավելի երկար ապրել ցանկացող տղամարդիկ ճիշտ կանեն, խելացի եւ կրթված կանանց ընտրեն որպես կյանքի ընկերուհի:
«Ավանդաբար այդպես է ձեւավորվել, որ հենց կինն է հիմնական պատասխանատվությունը կրում տան եւ հետեւաբար` նրա բնակիչների առողջության համար: Նա է որոշում, թե ինչպես կազմակերպի ընտանիքի սնունդը եւ նրանց կենսակերպն ընդհանուր առմամբ», — ասում են հետազոտության հեղինակները:
Տղամարդու կրթությունը, ընդհակառակը, էական նշանակություն չունի նրա երկարակեցության համար: Ընտանիքի ղեկավարին այլ պահանջներ են ներկայացվում. նրա եկամտի մակարդակից է կախված նրա ընտանիքի անդամների առողջությունը եւ երկարակեցությունը:






