Sapienza University–ի իտալացի գիտնականները հայտնում են, որ տեսախաղերը կարող են օգնել լավացնել ցրված սկլերոզով հիվանդների մտավոր գործառույթները: Ցրված սկլերոզը դեգեներատիվ աուտոիմունային հիվանդություն է, որը գրոհում է կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Վերոնշյալ համալսարանի նեվրոլոգիայի ու հոգեբանության բաժանմունքի բժշկուհի Լաուրա Դե Գիգլիոյի ղեկավարությամբ թիմը մշակել է Dr. Kawashima's Brain Training համակարգչային խաղի օգնությամբ հիվանդներին ռեաբիլիտացնելու միջոց: Այս խաղի ընթացքում պետք է լուծել տրամաբանական առաջադրանքներ, դրանով իսկ մարզելով ուղեղը, այն թողարկվել է 2005 թ. Nintendo–ի հիմքով: Առաջադրանքները մշակվել են ճապոնացի նեւրոլոգ Ռյուտա Կավասիմայի հետազոտությունների հիման վրա:

Հետազոտության շրջանակում ցրված սկլերոզով 24 հիվանդ, որոնց մոտ մտավոր գործառույթների խախտում կար, բուժման տարբեր ձեւեր են փորձել: Մի խմբում մասնակիցներին առաջարկել են անցնել 8 շաբաթանոց բուժման կուրս, որի շրջանակում մարդիկ պետք է շաբաթական հինգ օր օրչական կես ժամ այդ տեսախաղին տրամադրեին: Երկրորդը հսկիչ խումբ էր ու ոչ մի լրացուցիչ բուժում չի ստացել: Փորձի սկզբում ու վերջում բոլոր 24 հիվանդներն անցել են մագնիսռեզոնանսային տոմոգրաֆիա, նաեւ մտավոր գործառույթները գնահատող թեստեր:

8 շաբաթ հետո պարզվել է, որ Dr. Kawashima's Brain Training խաղացող խմբում թեստերի արդյունքները լավացել էին: ՄՌՏ արդյունքներով նրանց մոտ դրական դինամիկա է նկատվել տալամուսում՝ ուղեղի այն մասում, որը պատասխանատու է իմացության ու շրջակա աշխարհի հետ կապերի համար:

«Կապերի քանակի բարձրացումը արտացոլում է այն փաստը, որ տեսախաղը փոխել է ուղեղի որոշակի մասերի աշխատանքային ռեժիմը: Դա նշանակում է, որ նույնիսկ համակարգչային խաղերի նման տարածված գործիքը կարող է բարելավել ուղեղի ճկունությունը ու օգնել ռեաբիլիտացնել նեւրոլոգիական հիվանդներին, այդ թվում ցրված սկլերոզ ունեցողներին», - նշել է բժիշկ Դե Գիգլիոն:

Ապագայում գիտնականները ծրագրում են շարունակել հետազոտությունները, որպեսզի պարզեն, թե ինչպես կարող են տեսախաղերը լավացնել հիվանդների ամենօրյա կյանքը, նաեւ թե ինչպես կարելի է բուժման այս տեսակը համադրել ռեաբիլիտացիայի մյուս մեթոդների հետ: