Ալցհայմերի հիվանդության զարգացման պատճառներն առայժմ պարզ չեն գիտնականների համար. կարծիք կա, թե այդ հիվանդությունը ժառանգական արմատներ ունի եւ հաճախ փոխանցվում է ժառանգաբար:  Tufts University-ի գիտնականները սակայն վստահ են, որ այդ հիվանդության ամեն չորրորդ դեպքի պատճառն անառողջ սննդակարգն է եւ ֆիիկական ակտիվության պակասը: 

Մասնավորապես, անառողջ է համարվում կենդանական ծագում ունեցող սննդամթերքի մեծ տոկոս պարունակող սննդակարգը: Շատերին իհարկե հայտնի է, որ բոլոր այդ մթերքները վնասակար են առողջության համար, սակայն քչերը գիտեին, որ ուղեղը եւս կարող է տուժել դրանց պատճառով:   

Գիտնականները 8 ամիս շարունակ մկներին կերակրել են վնասակար սննդամթերքով, ինչի հետեւանքով նրանց մոտ աճել է միգրոգլիաների` գլխուղեղի բջիջների ակտիվությունը, ինչը հանգեցրել է գլխուղեղի բորբոքման եւ մեծացրել է թուլամտության զարգացման վտանգը: Այսինքն, ընդգծում են գիտնականները, սխալ սնունդը վնասակար է ոչ միայն սրտանոթային համակարգի համար, այլեւ մեծացնում է ձեռքբերովի թուլամտության վտանգը: Ավելին, Ալցհայմերի հիվանդության   25 տոկոսը գիտնականները կապում են վտանգի հենց այդ գործոնի հետ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրականացված հետազոտություններից մեկը հետաքրքիր օրինաչափություն էր ի հայտ բերել անառողջ սննդի եւ ուղեղի չափերի միջեւ. այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով քաղցր ըմպելիքներ են օգտագործում, աղի նախուտեստներ եւ վերամշակված միս, կարող է փոքրացած լինել հիպպոկամպը` ուղեղի այն հատվածը, որը կապված է սովորելու, հիշողության եւ հոգեկան առողջության հետ: