Նիհարել ցանկացող շատ մարդիկ խիստ սննդակարգի են հետեւում, սակայն դա, գիտնականների խոսքով, սխալ է: Եթե դուք քաղցի մշտական զգացում ունեք, ավելի լավ է գնաք զբոսանքի. ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգնել արդյունավետ կերպով վերահսկել ախորժակը եւ ավելի քիչ ուտել, ինչը կօգնի նիհարել, պնդում են Loughborough University-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները:
Սննդակարգի հետեւող կանայք հետազոտության շրջանակում մեկ երրորդով ավելի շատ նախուտեստ էին օգտագործում այն ժամանակահատվածի համեմատ, երբ նրանք ֆիզիկական ծանրաբեռնվածության ռեժիմի չէին հետեւում: Գիտնականների գիտափորձին 12 կին է մասնակցել, եւ հետազոտության հեղինակները մանրազնին կերպով հետեւում էին վարժությունների, ինչպես նաեւ սննդի սահմանափակումների նկատմամբ կանանց հորմոնային, ֆիզիոլոգիական եւ պահվածքային հակազդեցություններին:
Այսպես, գիտափորձի փուլերից մեկի ընթացքում կանայք իրենց սննդակարգը սահմանափակում էին մինչեւ 3 500 կջ, ինչը համապատասխանում է 836 կալորիայի: Նրանց հետեւում էին ավելի քան 9 ժամվա ընթացքում: Երեկոյան կանանց առաջարկում էին նախուտեստներ` ըստ ընտրության: Մյուս փուլի ընթացքում կանայք մեկ ու կես ժամ մարզվում էին վազքուղու վրա 3 500 կջ այրելու համար: Երեկոյան դարձյալ նրանց նախուտեստներ էին տալիս` առաջարկելով ուտել այնքան, ինչքան կուզենան: Սննդակարգի հետեւող կանայք ընթրիքին ընդամենը 944 կալորիա են կերել: Իսկ սպորտով զբաղվելուց հետո կանայք ընդամենը 660 կալորիա էին ուտում:
Պարզվել է, որ երբ կինն ինքն իրեն արգելում է սնունդ ընդունել, գրելինի` «քաղցի հորմոնի» մակարդակը բարձրանում է, իսկ YY պեպտիդ անունով քաղցը ճնշող հորմոնի մակարդակն ընկնում է: Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում նման բան չի լինում եւ քաղցի զգացումն այդքան արտահայտված չի լինում:
Այս հետազոտության մասին տեղեկացնում է Medicine & Science in Sports and Exercise ամսագիրը:






