Յուրաքանչյուր կին գեղեցիկ, երիտասարդ մաշկի մասին է երազում եւ պատրաստ է հարյուրավոր դոլարներ ծախսել դրա համար: Մինչդեռ որոշ սննդամթերքներ եւս` բոլորովին էլ ոչ ամենաթանկարժեքները, կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ մաշկի վիճակի վրա: Դրանց մասին պատմել է սննդի մասնագետ Շոնա Ուիլքինսոնը:
Նարնջագույն բանջարեղեն
Նարնջագույն բանջարեղենը (օրինակ` գազարը, դդմիկը, դդումը եւ քաղցր կարտոֆիլը) շատ բետա-կարոտիններ եւ այլ կարոտինոիդներ է պարունակում, որոնք օրգանիզմում վերածվում են մաշկի առողջության համար անհրաժեշտ А վիտամինի:
Ինքը` բետա-կարոտինը, բժիշկ Ուիլքինսոնի խոսքով, ազդում է որպես հակաօքսիդանտ եւ կանխարգելում է ազատ ռադիկալների կողմից մաշկի վնասումը:
Հատապտուղներ
Հապալասը, ազնվամորին, հաղարջը եւ այլ հատապտուղներ С վիտամինի հրաշալի աղբյուր են, որն անհրաժեշտ է մաշկի առաձգականությունն ապահովող կոլագենի ձեւավորման համար: С վիտամինը նաեւ հակաօքսիդանտ է համարվում, որը մաշկի բջիջները պաշտպանում է վնասվելուց:
Հատապտուղների մյուս առավելությունն այն է, որ քիչ շաքար են պարունակում, իսկ շաքարը, ինչպես հայտնի է, նպաստում է մաշկի ծերացմանը:
Ճարպոտ ձուկ
Ձկան ճարպոտ տեսակները (սարդինը, թյունիկը, սաղմոնը, իշխանը) օմեգա-3 ճարպաթթուներ են պարունակում, որոնք եւս շատ կարեւոր են մաշկի գեղեցկության եւ առողջության համար:
Եթե դուք ձուկ չեք սիրում, մասնագետները խորհուրդ են տալիս գոնե ձկան յուղով սննդային հավելումներ օգտագործել:
Ավոկադո
Ավոկադոն հարուստ է Е վիտամինով, որը, ինչպես եւ С վիտամինը, մաշկը պաշտպանում է վնասակար ազատ ռադիկալներից: Այն կարող է նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթներից որոշակի պաշտպանություն ապահովել, ինչպես նաեւ հակաբորբոքային ազդեցություն ունի:
Դդմի կորիզներ
Դդմի կորիզները ցինկի հրաշալի աղբյուր են, որն ապահովում է մաշկի արդյունավետ վերականգնումը: Այդ հանքանյութի պակասը հանգեցնում է ակնեի, դերմատիտի առաջացման, ինչպես անեւ մաշկը չոր եւ խոցելի է դարձնում:






