Քնի ընթացքում ապնոէ կոչվող երեւույթը (խռմփոց) նվազեցնում է արյան մեջ թթվածնի մակարդակը, դրանով իսկ արագացնելով քաղցեղային ուռուցքների զարգացումն ու տարածումը, պարզել են ԱՄՆ ու Իսպանիայի հետազոտողները՝ լաբորատոր մկների վրա կատարած փորձի ընթացքում:
Խռմփացնելիս՝ կոկորդի պատերը թուլանում են ու արգելափակում շնչառական ուղիները: Բժիշկները արդեն այդ վիճակը կապակցել են ճարպակալման, շաքարախտի, արյան բարձչ ճնշման, սրտի նոպաների ու կաթվածի հետ: Նոր հետազոտությունն էլ բացահայտել է խռմփոցի պատճառների ու դրա բուժման ձեւերի մասին ավելի լրջորեն մտածելու եւս մեկ առիթ: Երիկամի քաղցկեղ ունեցող մկների վիճակն ուսումնասիրելիս գիտնականները գտել են ապացույցներ, որ թթվածնի պակասը կարող է սադրել ուռուցքների զարգացում՝ դրանց սնող արյունատար անոթների աճը խթանելու ճանապարհով:
Ուռուցքներին օդի մատակարարման ընդհատումների ազդեցության ներքո մկների մոտ նոր գոյացություններ էին հայտնվել: Դրանք կարող են ձեւավորել արյունատար անոթներ, որոնք էլ հետագայում նպաստում են ուռուցքների աճին՝ քաղցկեղային բջիջներին մատակարարելով թթվածին:
«Սա վկայում է այն մասին, որ այդ օրգանին կամ հյուսվածքին թթվածնի մուտքը սահմանափակող պայմանները կարող են նպաստել քաղցկեղի զարգացմանը»,- Մյունխենում բժշկական գիտաժողովի ժամանակ հայտնել է բժիշկ Էնթոնի Վիլասեկան Բարսելոնայի կլինիկայից:
Հետազոտության արդյունքներից նաեւ հասկանալի է դառնում, թե ինչու այն հիվանդները որոնք մարզվում են ու դրանով իսկ իրենց արյունը թթվածնով հագեցնում, ավելի հեշտ են հաղթահարում քաղցկեղը:






