Միչիգանի համալսարանի գիտնականների նոր մշակումը կօգնի զգալիորեն բարելավել կրծքի քաղցկեղի ախտորոշումը` նվազեցնելով հետազոտության ընթացքում կեղծ դրական պատասխանների վտանգը: 

Մամոգրաֆիական հետազոտությունը կարող է ցույց տալ, որ կրծքում ուռուցք կա եւ թե ինչ չափեր ունի, բայց չի կարող ասել` արդյոք այդ ուռուցքը քաղցկեղային է: Այդ պատճառով այն հիվանդներին, որոնց հետազոտության ընթացքում ուռուցք են հայտնաբերել, սովորաբար բիոպսիա են անում` ինվազիվ եւ թանկարժեք պրոցեդուրա, որի արդյունքները, ցավոք,  100 տոկոսով ճշգրիտ չեն: Կեղծ դրական արդյունքները ստիպում են կրկնել հետազոտությունները եւ հիվանդների մոտ բազմաթիվ բացասական ապրումներ են առաջացնում: 

Իսկ այժմ գիտնականների խումբը Գրեգ Տարբերի գլխավորությամբ  հաբ է մշակել. այն  հատուկ ներկ է պարունակում, որը միանում է միայն քաղցկեղային բջիջներին, ինչպես նաեւ քաղցկեղային գոյացություններում արյունատար անոթներին` նշելով դրանք: 

Ինչպես բացատրել են գիտնականները, հիվանդը կարող է այդ հաբը խմել հետազոտությունից մեկ կամ երկու օր առաջ, հետո գալ բժշկի մոտ, որտեղ ֆլուորեսցենտային վիզուալիզացիայի եւ ԳՁՀ-ի օգնությամբ հնարավոր կլինի հետազոտել նրա կուրծքը: Եթե քաղցկեղային բջիջներ լինեն, հնարավոր կլինի դրանք հեշտորեն տարբերել առողջներից: Բիոպսիայի կամ իոնիզացնող ճառագայթման անհրաժեշտություն արդեն չի լինի:   

Առայժմ նոր հաբը միայն մկների վրա է կիրառվում: Մարդկանց մասնակցությամբ փորձարկումներ առայժմ չեն նախատեսվում: Սակայն շատերին այդ գյուտը շատ կարեւոր եւ խոստումնալից է թվում: 

Գիտնականներն իրենց աշխատանքի մասին պատմել են Քիմիկոսների ամերիկյան ընկերակցության 251-րդ հանդիպման ընթացքում: