Ջոն Հոփկինսի ամերիկյան համալսարանի գիտնականները մկների մոտ նյարդային բջիջներ են հայտնաբերել, որոնք պատասխանատու են ուտելու ցանկությունը ճնշելու համար: Ինչպես պնդում են հետազոտողները, աշխատանքի արդյունքները կարող են օգնել ճարպակալման դեմ նոր մեթոդներ մշակելուն:  

«Երբ ուղեղի մեր հայտնաբերած բջիջները գրգռվում են եւ ազդանշաններ են ուղարկում, մեր լաբորատոր մկները դադարում են ուտել,-պատմել է հետազոտության հեղինակներից Ռիչարդ Հյուգանիրը  (Richard Huganir): Այդ ազդանշաններն ասես հուշում են, որ կենդանին քաղցած է»:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել OGT ֆերմենտին` կենսաբանական կատալիզատորի, որը մասնակցում է ինսուլինի եւ գլյուկոզայի նյութափոխանակային ուղիներին: 

Պարզելու համար, թե OGT-ն գլխուղեղում ինչ գործառույթներ է կատարում, գիտնականները նոկդաունի են ենթարկել մկների գլխուղեղի հիպոկամպի  եւ կեղեւի նեյրոններում ֆերմենտի սինթեզման համար պատասխանատու գենը: Դրանից երեք շաբաթ անց կենդանիներն իրենց քաշը երկու անգամ ավելացրել են ճարպային նստվածքների հաշվին: Բացի այդ, հետազոտողները նշել են, որ սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ կրծողներն ավելի շատ կալորիա էին օգտագործում, քան չվնասված  OGT գենով մկները:

Քանի որ հիպոկամպի գործառույթները կապված չեն սնման գործընթացի վերահսկողության հետ, գիտնականները որոշել են  OGT-ի ակտիվության փոփոխություններ փնտրել ուղեղի այլ մասերում: Նրանք հայտնաբերել են, որ ֆերմենտի սինթեզի համար պատասխանատու գենը բացակայում էր նաեւ նեյրոնների մի փոքրիկ խմբի մոտ, որոնք տեղակայված էին այն հատվածում, որը կոչվում է պարավենտիկուլյար միջուկ:  

Հետազոտողները ստուգել են OGT  գեն չունեցող նյարդային բջիջների էլեկտրական ակտիվությունը: Պարզվել է, որ նեյրոնների հետ շփված սինապսների  քանակությունը երեք անգամ փոքր էր, քան նյարդային բջիջներում: Արդյունքում նրանք բավարար քանակությամբ մուտքային ազդանշաններ են ստացել, բայց չեն կարողացել գրգռվել այնպես, ինչպես դա անում են առողջ նեյրոնները: 

Օպտոգենետիկ մեթոդների օգնությամբ գիտնականները կարողացել են արտասովոր նեյրոններին ստիպել լուսազգայուն սպիտակուցներ արտադրել:  Կապույտ լույսով ճառագայթվելիս բջիջներն ակտիվացել են եւ սկսել են ազդանշաններ ուղարկել ուղեղի այլ հատվածներ, ինչի արդյունքում մկները 25 տոկոսով կրճատել են սննդի օգտագործումը: