Rutgers University-ի գիտնականները  միջոց են գտել գլխուղեղին առողջ նեյրոններ պատվաստելու, որոնք կկարողանան փոխարինել վնասված նյարդային բջիջները եւ բարելավել նեյրոդեգեներատիվ հիվանդություններով, օրինակ` Ալցհայմերի հիվանդությամբ կամ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հիվանդների վիճակը: 

Գիտնականները Փրաբհաս Մոհգեի գլխավորությամբ բազմապոտենտ ցողունային բջիջներ են առանձնացրել եւ հասել են նեյրոններում դրանց շերտավորմանը. բջիջներն աճել են եռաչափ պոլիմերային հիմնակմախքներում, որոնցից յուրաքանչյուրի չափը չէր գերազանցում  100 մկմ-ն:

Հետո գիտնականները ստացված նեյրոնները ներմուծել են մկների գլխուղեղ: Փորձարկումները ցույց են տվել, որ բջիջներն անջատվել են հիմնակմախքներից եւ սկսել են գործել գլխուղեղի այլ նեյրոնների հետ միասին: 

Հեղինակները նշում են, որ առաջին անգամը չէ, որ նեյրոնները գլխուղեղ մտցնելու փորձեր են ձեռնարկվում, սակայն այս դեպքում գիտնականներին հաջողվել է  100 անգամ մեծացնել փոխպատվաստված բջիջների գոյատեւման կարողությունը: Այլ մեթոդների օգտագործման պարագայում բջիջների գոյատեւման կարողությունը չէր գերազանցում   1 տոկոսը:

Գիտնականներն առայժմ վստահ չեն, թե նեյրոնների նման փոխպատվաստումը կազդի մարդկանց վրա, սակայն նրանք նախատեսել են շարունակել իրենց փորձարկումները: Գուցե  մի օր այդ մեթոդի շնորհիվ  հնարավոր լինի օգնել Ալցհայմերի եւ Պարկինսոնի հիվանդություններով տառապողներին: