Լիդսի համալսարանի գիտնականները բացատրություն են գտել այն բանին, թե մանրէներն ինչպես են կարողանում հակաբիոտիկների հանդեպ կայունություն զարգացնել: 

Հետազոտողներին հաջողվել է իրենց աշխատանքում ապացուցել, որ  ABC-F ընտանիքի սպիտակուցները մանրէական ռիբոսումները`  սպիտակուցի արտադրման բջջային «գործարանները»  պաշտպանում են հակաբիոտիկների կողմից արգելափակվելուց: Ինչպես նախկինում հայտնի էր, այդ սպիտակուցները պատասխանատու են հակաբիոտիկների հանդեպ կայունության ձեւավորման համար այնպիսի սուպերմանրէների մոտ, ինչպիսին է ոսկեգույն    Staphylococcus aureus ստաֆիլոկոկը, որը կարող է բարդ բուժվող թոքաբորբ կամ սեպսիս առաջացնել: 

Միկրոկենսաբանները երկար ժամանակ ծանոթ չէին այն ճշգրիտ մեխանիզմներին, որոնք ընկած են   ABC-F-ի հիմքում: Մի քանի հիպոթեզ էր առաջ քաշվել, որոնցից մեկը ենթադրում էր, որ ֆերմենտները բջջից ուղղակի հեռացնում են հակաբիոտիկները: Մեկ այլ հիպոթեզի համաձայն,  ABC-F-ները թույլ չեն տալիս, որ հակաբիոտիկներն ազդեն մանրէներում սպիտակուցներ սինթեզող համակարգի վրա:  

Մի շարք մանրէաբանական եւ կենսաքիմիական   in vitro մեթոդների միջոցով գիտնականները կարողացել են հաստատել երկրորդ հիպոթեզը: Երբ հակաբիոտիկը կպնում է ռիբոսոմային սարքին,  ABC-F-ը դուրս է մղում դեղի մոլեկուլը` արգելափակելով դրա գործողությունը:  

Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը կարող է զարգանալ բնական ընտրության արդյունքում, որը նպաստում է մանրէների շրջանում մուտացիաների տարածմանը, որոնք միկրոօրգանիզմներին օժտում են դեղամիջոցներին հակազդելու կարողությամբ: 

Հոդվածը հրապարակվել է Ամերիկյան միկրոկենսաբանության ընկերակցության  mBio ամսագրում: